տուն Լուրեր Պրահայում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ

Պրահայում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ

87
0

Muk pragaՊաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Չեխիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Չեխիա այցելելու համար. «Համոզված եմ, որ հայ-չեխական հարաբերությունները կարեւոր փուլ են թեւակոխել, եւ Ձեր այցը լուրջ ազդակ է, թե Չեխիան ինչ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը»: Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավմանը մեծապես նպաստել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա:

Շնորհակալություն հայտնելով Չեխիա այցելելու հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերն առավել ամրապնդելու եւ փոխշահավետ գործակցությանը նոր զարկ տալու համար: «Ուրախալի է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունները եւ քաղաքական երկխոսությունն ակտիվացել են», — ընդգծել է ՀՀ վարչապետը եւ հավելել, որ դրան մեծապես նպաստել են բարձրաստիճան տարբեր մակարդակի փոխայցելությունները, մասնավորապես, 2014 թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պետական այցը: Արժեւորելով երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական համագործակցության ծավալները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին, եւ պետք է ջանքեր գործադրել առկա մեծ ներուժը լիարժեք օգտագործելու համար:

Վարչապետը հեռանկարային է համարել համագործակցության հետագա ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում: Նրա համոզմամբ՝ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հայ եւ չեխ գործարարների միջեւ կապերի հաստատու¬մը, եւ Պրահայում կայանալիք գործարար համաժողովը երկու երկրների գործարարների համար նոր հնարավորություններ եւ նոր շուկաներ բացահայտելու հնարավորություն կընձեռի:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապը՝ այս համատեքստում կարեւորելով Երեւան-Պրահա-Երեւան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը, ինչն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Վարչապետի համոզմամբ՝ զբոսաշրջության զարգացմանը կխթանի նաեւ երկու երկրների միջեւ առկա միջմարզային ակտիվ համագործակցությունը, որի հաջողված օրինակներից են Վայոց ձորի մարզի եւ Կարլովի Վարի երկրամասի միջեւ հաստատված համագործակցային հարաբերությունները, ինչպես նաեւ Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի եւ Տավուշի մարզի միջեւ համագործակցությունը, որի վերաբերյալ կստորագրվի Հուշագիր:

Չեխիայի վարչապետը նույնպես կարեւորել է տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը եւ զարգացումը՝ նշելով, որ համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ եւ հեռանկարներ կան: Նա ընդգծել է հայ-չեխական գործարար համաժողովի անցկացման կարեւորությունը տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում: ԵՄ-ՀՀ համագործակցությունը զարգացնելու առումով Չեխիայի վարչապետը կարեւորել է Հայաստանի համար վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ անդամ երկրների հետ:

Հայաստանի եւ Չեխիայի տնտեսական կապերի ակտիվացման հարցում երկու երկրների վարչապետները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, առեւտրաարդյունաբերական պալատների սերտ աշխատանքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չեխիայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային սկզբունքների, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության վրա եւ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, անդրադարձել ՀՀ-Եվրամիություն, ՀՀ –ԵԱՏՄ փոխգործակցությանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Չեխիայի վարչապետին փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի եւ Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետարանի միջեւ առեւտրատնտեսական, հումանիտար եւ մշակութային համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումից հետո կայացել է Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեց Չեխիայի վարչապետ, հարգարժան պարոն Բոհուսլավ Սոբոտկայի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջեւ առկա ամուր բարեկամական կապերը եւ պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առեւտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում երկու երկրների միջեւ հեռանկարային համագործակցությանը: Հատուկ ընդգծվեց հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը եւ գործարար համաժողովներ անցկացնելու անհրաժեշտությունը, որը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երեւան-Պրահա-Երեւան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությունը: Մեծապես կարեւորվեց երկու երկրների միջեւ միջմարզային համագործակցության ընդլայնումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Կարեւորելով մեր երկու բարեկամ ժողովուրդների միջեւ մշակութային սերտ կապերը՝ Չեխիայի վարչապետ պարոն Սոբոտկային առաջարկեցի 2016 թվականին Չեխիայում, իսկ 2017 թվականին Հայաստանում անցկացնել մշակույթի օրեր: Տնտեսական կապերի խորացման առումով կարեւորում եմ գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցում են Հայաստանից ժամանած մոտ հիսուն գործարարներ: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում»:

Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան նշել է. «Շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի վարչապետին իմ հրավերն ընդունելու եւ Չեխիա այցելելու համար: Մեր երկու երկրների հարաբերություններն ավանդաբար լավ են եւ բարիդրացիական: Մեր հանդիպումը վերահաստատել է, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Չեխիան շահագրգիռ են հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցում: Հայաստանը կարեւոր գործընկեր է Չեխիայի համար Հարավկովկասյան տարածաշրջանում»: Չեխիայի վարչապետը կարեւորել է տնտեսական հարաբերությունների աշխուժացումը ՝ նշելով, որ լիարժեք չի օգտագործվում առկա մեծ ներուժը: Նա կարեւորել է նաեւ համագործակցության զարգացումն էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում եւ նշել, որ լուրջ ներուժ կա տարածաշրջանների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերութունների ամրապնդմանը:

Վարչապետները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:

Պրահայի Լիխտենշտեյնի պալատում ՉՀ վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տրվել է պաշտոնական ճաշ:

ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: