տուն Լուրեր ՊՊԾ գնդում ծավալված իրադարձությունների քննարկում ԱԺ-ում

ՊՊԾ գնդում ծավալված իրադարձությունների քննարկում ԱԺ-ում

111
0

Azgayin-joxov (1)

Ազգային Ժողովի հինգերորդ  գումարման տասներորդ նստաշրջանի մեկնարկը տրված է:  Այն  մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկված են 170 հարց եւ 33 միջազգային պայմանագրեր: Սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագրեր:

Ապա վարման կարգով որոշ պատգամավորներ հարցեր ուղղեցին Գալուստ Սահակյանին: ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հետեւյալ հարցադրումն արեց. «Ազգային ժողովը պատգամավորների մեծամասնությամբ մերժեց ընդդիմադիր մի շարք պատգամավորների եւ մեր գործընկերոջ նախաձեռնությունը` ամռանը՝ հուլիսին, ՊՊԾ գնդում զարգացած իրադարձությունների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ, եւ հիմա ես ակնկալում եմ, որ մենք օրակարգում մի կետ կմտցնենք եւ կքննարկենք»:

Ուրիխանյանն ասաց, որ պետք է քննարկվի ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած անձանց  պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաեւ իշխանությունների անգործությունը կամ ոչ ադեկվատ գործունեությունը: «Այդ ժամանակ հանրապետությունը ցնցվեց, իսկ մենք դա չքննարկեցինք»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Շատ ցցուն հայտարարություն եք անում»: Ապա հավելեց, թե  այդ քրեական արարքը իրավական դաշտում է գտնվում:

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ  դժգոհեց, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը եւ, մասնավորապես, Քրեակատարողական վարչությունը խախտում է օրենքը, եւ ԱԺ պատգամավորներին թույլ չի տալիս տեսակցել կալանավորված անձանց: Փաշինյանն ասաց, որ ինքը նույնպես հնարավորություն չի ունեցել տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամներին: Փաշինյանն ընդգծեց, որ խախտում է կատարել  նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ես Ձեզ կոչ եմ անում համապատասխան պարզաբանումներ ստանալ ԱԱԾ-ից և արդարադատության նախարարությունից»,- ասաց նա:

Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց, թե պատգամավորը պետք է հստակ ներկայացնի, թե ում է ցանկացել տեսակցել, որն արգելվել է: