Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում` հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պյոտր Պորոշենկոն Հիլարի Քլինթոնին տեղեկացրել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին: Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ այսօր Ուկրաինան պայքարում է ազատության և ժողովրդավարական արժեքների համար, որոնք կմիավորեն ամբողջ քաղաքակիրթ աշխարհը` նշված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պորոշենկոն նաև շնորհակալություն է հայտնել Քլինթոնին` Ուկրաինային մշտապես սատարելու համար:
Ի պատասխան` ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն նշել է, որ վերջին շրջանում Ուկրաինան «բարեփոխումների իրականացման ասպարեզում հասել է կարևոր առաջընթացի, և իր աջակցությունն է հայտնել դրանք շարունակելու համար»: