«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանից հետաքրքրվեց, թե քանի պոչամբար կա Հայաստանում և դրանցից որոնք են կոնսերվացված: Փոստանջյանին հետաքրքրում էր նաև, թե ինչո՞ւ է նախագիծն ուշացել:
Ի պատասխան պատգամավորի հարցի` փոխնախարարն ասաց, որ Հայաստանում գործող պոչամբարների ընդհանուր թվերին չի տիրապետում:
«Երբ էներգետիկայի նախարարությունը ստանձնեց պատասխանատվությունը, մենք փորձեր կատարեցինք ուսումնասիրություններ կատարելու այդ ոլորտում: Նույնիսկ եկել են այլ ընկերություններ` իրենց փորձը փոխանցելու մեզ այդ ոլորտում: Ցավոք, մինչև 2014թ. աշունը որևէ արտասահմանյան ընկերություն ցանկություն չի հայտնել գալ և գործունեություն ծավալել այս ոլորտում: Հայաստանում գրանցված ընկերությունը, ըստ իր ներկայացված տեղեկանքների, մի քանի տարի շարունակ կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ, թե ինչպես կարող ենք նման պոչամբարներում կուտակված հումքից ստանալ օգտակար նյութեր: Նրանք ներգրավելու են նաև այլ արտասահմանյան ընկերություններ»,- ասաց Գալստյանն ու հավելեց, որ համաձայն կառավարության հուշագրի` այդ ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է ներկայացնի իր բիզնես ծրագիրը:
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ողջիի, Փուխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև` ԶՊՄԿ ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը: