տուն Լուրեր ՊՆ խոսնակը՝ Օհանյանի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու մասին

ՊՆ խոսնակը՝ Օհանյանի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու մասին

122
0

seyran

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Հայաստանի Կառավարությունում իր աղբյուրներին, երեկ գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:

«Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- գրում է «Ինտերֆաքսը»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում է Օհանյանի հնարավոր նշանակումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ պարզաբանում ներկայացնելուց, միայն նշեց՝ չի մեկնաբանելու այդ լուրը:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հրաժարականից հետո եւ նոր կառավարության ձևավորման արդյունքում փոփոխվող նախարարների շարքում նշվում է նաեւ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի անունը: Օհանյանը, հիշեցնենք, երկու օր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր  հնարավոր պաշտոնանկությանը՝ հորդորել էր սպասել նոր կառավարության ձևավորմանը:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է ձևավորվում կառավարությունը: Սպասենք ձևավորմանը», — նշել էր նախարարը:

ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին օրեր առաջ հայտնել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա Երևանում հոկտեմբերի 14-ին նախատեսված ՀԱՊԿ-ի խորհրդի նիստի ժամանակ:

Բորդյուժան, մասնավորապես, ընդգծել էր. «Նոր գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը»:

Շողիկ Գալստյան