Երեք տարի առաջ այս օրը Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական հանրահավաք-համերգի ժամանակ արտակարգ միջադեպ գրանցվեց: Բռնկվել էին հելիում պարունակող փուչիկները, ինչի արդյունքում տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում գերակշռում էին երիտասարդները, ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ:
Աննա Պետրոսյանը երեք տարի առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող էր: Դեպքի մասին հիշում է տհաճությամբ, ցավով:
«Չէի ցանկանա խոսել դրա մասին»,- իսկ երբ խնդրում եմ, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան պատմի՝ ասում է. «Ամեն դեպքում, զգուշավորությունը միշտ կա, խուսափում եմ մարդաշատ վայրերից, քանի որ անցնելով դրա միջով՝ զգացել եմ այդ դժվարություններն ու ցավը, կարող եմ ասել նաև՝ տառապանքը: Այդքանից հետո դժվար թե նույն բանը կրկնեմ»:
Աննան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Չնայած նրան, որ ստացիոնար բուժման ավարտից հետո նա պարբերաբար դիմել է բժշկի, հետագա բուժումը ստացել է սեփական միջոցներով՝ ասելով, որ համերգի կազմակերպիչներից առանձնապես հետևողականություն չի զգացել:
Աննայի ընկերների թվում ևս շատ էին տուժածները:
Ռուզաննա Ջավակյանը ևս պայթյունի օրը Հանրապետության հրապարակում էր: Պայթյունի հետևանքով ստացել էր այրվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ էլ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ, ով ևս վնասվածքներ էր ստացել:
Լուսանկարը՝ Ռուզաննայի անձնական արխիվից
«Ես, ի սկզբանե, նման մարդաշատ տեղեր հաճախ չէի գնում, այդ օրը կարծես ճակատագրական լիներ իմ այնտեղ գնալը: Այդ դեպքը լիովին փոխեց իմ կյանքը»,- ասում է Ռուզաննան, ով ևս տհաճությամբ հիշեց երեք տարի առաջ կատարվածը:
Համերգի կազմակերպիչները, նրա խոսքով՝ ուշադիր են եղել իր նկատմամբ, և շնորհակալ է հատկապես իրեն բուժող բժիշկներին՝ հոգատար վերաբերմունքի համար:
«Բուժման ծախսերը հոգացել են, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ ֆիզիոթերապիայի կուրսեր ենք ստացել»,- ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ պայթյունից հետո, երբ հավաքվածները հորդորում էին դադարեցնել համերգը, բեմում երգիչները շարունակում էին իրենց ելույթները՝ կոչ անելով ավելի աշխույժ լինել:
Լուսանկարները՝ Photolur-ի, տեսանյութը՝ Panorama.am-ի