Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) թերթին տված իր վերջին հարցազրույցում, խոսելով նաև զիջումների մասին, նշել էր, որ ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդ հարց, չի կարող համապարփակ ձևով լուծում ունենալ զիջումների միջոցով: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձևով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` այդ փոխզիջումները կարող են լինել, եթե արդյունքում Լեռնային Ղարաբաղը ստանա անկախություն, միջազգային ճանաչում և ճիշտ կազմավորված միջազգային խաղաղապահներ:
«Շատ կարևոր բան է նշել Բակո Սահակյանը, որովհետև մինչ այդ Սերժ Սարգսյանն ասում էր, որ փոխզիջումները չպետք է միակողմանի լինեն: Շատ բարի, միակողմանի չլինեն, բայց համարժեքությունն է այստեղ շատ կարևոր: Կարծում եմ` համարժեք փոխզիջումը հենց դա է, այսինքն` ինչ-որ տարածքների դիմաց կարելի է ստանալ այդպիսի երաշխիքներ (ԼՂՀ անկախություն, միջազգային ճանաչում և ճիշտ կազմավորված միջազգային խաղաղապահներ)»,- araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման, նա պատասխանեց. «Ադրբեջանն իր հռետորաբանության մեջ հաճախ է չափազանց կոշտ, այսինքն` ոչ փոխզիջումային արտահայտվում, բայց իրականում բանակցությունների ամբողջ իմաստը հենց նա է, որ կարողանան այդ եզրերը գտնել»:
Քաղաքագետի խոսքով՝ բանակցություններն անարդյունավետ էին մինչև Վիեննայի հանդիպումը, սակայն Վիեննայի և դրան հաջորդած Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո տեղաշարժ կա: «Իմ կարծիքով՝ եթե համանախագահ երկրները լրջորեն լծվեն գործին, ապա չի բացառվում, որ կարող ենք ունենալ բավականին ռեալ առաջընթաց»:
Էմմա Հովսեփյան