ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել են Արցախի նախագահի՝ ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ այդ հարցազրույցը խիստ քննադատության արժանացավ հայկական շրջանակներում:
«Ես չեմ հասկանում, թե ինչու քննադատության ենթարկվեց, որովհետեւ դա ոչ թե քննադատություն էր, այլ ինչ-որ մարդկանց միտումնավոր կերպով տարածելն է եղել, կամ ոչ ճիշտ ձեւով են հասկացել այդ հարցազրույցի բոլոր կետերը»,- ասաց Բաբայանը, հավելելով, որ ԼՂՀ նախագահը չի ասել, թե զիջումներ են լինելու: Ավելին, ըստ Դավիթ Բաբայանի` Բակո Սահակյանն ասել է, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել փոխզիջումների հիման վրա:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը փոխզիջումների մասին ասել էր, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։ «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։
Անդրադառնալով Բակո Սահակյանի հարցազրույցի այս հատվածին` Բաբայանն ասաց, թե նման բան չի եղել, եւ որ խոսքը փոխված է: «Բնօրինակն ուղարկվել է բոլորին, չի եղել «զիջում» բառը, խեղաթյուրված է»,- ասաց նա, հավելելով, որ «փոխզիջում» ասելով նկատի չունեն տարածքների հանձնում: «Օրինակ` փոխզիջումն այն է, որ եթե Ադրբեջանը ճանաչում է Արցախը, մենք էլ որպես փոխզիջում ճանաչում ենք Ադրբեջանը, փոխզիջում է, չէ՞»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Փայլակ Ֆահրադյան