Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել էր սեպտեմբերի 4-6-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի ունեցած տնտեսական ֆորումին, որին ՀՀ պետական այրերից ոչ ոք չի մասնակցել: Նախկին վարչապետի գրառումից տեղեկանում ենք, որ ֆորումում քննարկվել է հիմնական ծրագրերից մեկը՝ Մետաքսի ճանապարհ ունենալը:
Araratnews.am-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Հայաստանը պետական մակարդակով ներկայացված չի եղել ֆորումում: «Մենք հրավերը ստացել ենք բավական ուշ: Տեղեկացել ենք, որ Հրանտ Բագրատյանը մասնակցում է ֆորումին: Բագրատյանը գրել է, որ ֆորումին մասնակցել են նախագահներ, վարչապետներ, սակայն իրականում այդքան էլ այդպես չէ: Ներկա են եղել Ռումինիայի էներգետիկայի նախարարը, Պորտուգալիայի համալսարանի պրոռեկտորը: Հիմա այսքանից հետո ինչքանո՞վ է ճիշտ փոխվարչապետի կամ նախարարի մակարդակով մասնակցել միջոցառմանը»,- պատասխանեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:
Ֆորումին չմասնակցելու պատճառներից մեկն էլ ծանրաբեռնվածությունն է, Տիգրան Ավինյանի գրասենյակը պատասխանատու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար: «Առաջիկայում ունենք Երեւանի տոնակատարություն եւ տարբեր միջոցառումներ: Բացի այդ, Հրանտ Բագրատյանը՝ որպես նախկին վարչապետ, արդեն ներկայացնում է Հայաստանը»,- ասաց պարոն Սիսեռյանը:
Ֆորումին չմասնակցելու պատճառներից մեկը նաև ֆինանսականն է: «Եթե մենք մասնակցեինք, մի քանի տասնյակ հազար դոլարներ պետք է ծախսեինք»,- վստահեցրեց պարոն Սիսեռյանը:
Մեր դիտարկմանը, եթե Հրանտ Բագրատյանը մտածեր, որ իր մասնակցությամբ նաև Հայաստանն է ներկայացնում, արդյո՞ք այդպիսի գրառում կաներ, Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն ասաց. «Գուցե Կրինիցիա քաղաքում մասնակցելով ֆորումին՝ մտածել է, որ ՀՀ կառավարության մասնակցությունը ճիշտ կլիներ: Ամեն դեպքում Հրանտ Բագրատյանն իր կարծիքն է գրել: Կառավարությունը նրա կարծիքը շատ դեպքերում նկատի է ունենում, հարգում է նրա կեցվածքը: Մենք համարում ենք, որ նա ներկայացնում է Հայաստանը»:
«Իսկ Հրանտ Բագրատյանին հարցրե՞լ եք՝ նա իրեն Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ համարո՞ւմ է»,- հարցրինք Սերժ Սիսեռյանին: Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը խորհուրդ տվել մեզ դա ճշտել հենց Հրանտ Բագրատյանից՝ հավելելով, որ իրենք չեն ճշտել:
Սոնա Դավթյան