Հնարավոր է, որ այսօր Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկվի նաեւ պաշտոնական Կրեմլի վերջերս արած հայտարարությունը՝ Եվրասիական միության շրջանակներում առևտուրը պետք է իրականացվի առանց ամերիկյան դոլարի:
«Այն, որ մեր փոխադարձ հարաբերություններում պետք է այլ երկրների արտարժույթից հրաժարվենք, բնական է, այդ մասին խոսվում էր դեռ երկու տարի առաջ: Ռուսական կողմն էլ Հայաստանից ապրանքներ ներկրելիս փոխանցումներն կիրականացնի ոչ թե ամերիկյան դոլարով կամ ռուսական ռուբլով, այլեւ հայկական դրամով»,- այս մասին Araratnews.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է այդ դեպքում մեր տնտեսության առանց այն էլ ծանր վիճակն ավելի վատանա, եւ արդյոք այս ամենի հետ կապված՝ տնտեսագետների մտավախություններն անհիմն են, ՀՀԿ պատգամավորն ասաց՝ պետք է հիմնավորումները հասկանալ. «Մենք պետք է հասկանանք մի բան, որ ամերիկյան դոլարը կամ Եվրամիության եվրոն երկու երկրների հարաբերություններում տեղ են գտնում, ապա տվյալ երկիրը կամ երկրների միությունն ուղղակի մասնակցում են երկու սուվերեն երկրների առևտային հարաբերություններին: Սա գերակա է մնացած ամեն ինչից, եթե մենք ասում ենք՝ ինքնիշխան ենք, մեր որոշումներն իրականացնում ենք բացարձակապես Սահմանադրությամբ ամրագրված մեր լիազորությունների շրջանակում, ապա այստեղ, կարծես թե, այդ երրորդ երկրի մասնակցությունը չի խոսում այն մասին, որ երկու երկների հարաբերություններն ընդհանրապես պայմանավորված չեն մեկ այլ երկրով»,- նշեց Արտակ Դավթյանը: