Երկու հիմնավորում կա, համաձայն որի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը որոշել է առաջադրվել՝ որպես ՄԻՊ թեկնածու: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց հենց Փոստանջյանը: Նրա խոսքով, նախ իր մասնագիտական կարողությունները թույլ են տալիս զբաղվելու այդ գործով: «Բացի այդ, բոլոր այն անձինք, որոնք հեղինակություն են, չցանկացան մասնակցել այս պայքարին»,- ասաց Փոստանջյանը: Նա միաժամանակ անուններ նշել չցանկացավ, հայտարարելով, որ նրանք հայտնի իրավապաշտպաններ եւ փաստաբաններ են, որոնց անունները հասարակությանը հայտնի են:
Մեր հարցին, թե որքանով է կայացած ՄԻՊ ինստիտուտը մեր երկրում, Զարուհի Փոստանջյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ինչպես ցանկացած ժողովրդավար ինստիտուտ, ՄԻՊ-ը եւս դեռ կայանալու ընթացք պետք է ապրի: Մենք հասկանում ենք, որ ապրում ենք ավտորիտար ռեժիմի ներքո, եւ ասել, որ այդ ինստիտուտը լիարժեք կայացած է, ապա այդպես չէ»:
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ին պարբերաբար ճնշելու փորձերին, ինչը կատարվեց նաեւ Կարեն Անդրեասյանի պարագայում, ապա Փոստանջյանն ասաց, թե բնական է, որ պետք է լինեն ճնշումներ, եւ մի պահ է գալիս, երբ պայմանավորվածությունները խախտվում են եւ այդպիսի հարաբերություններ են ի հայտ գալիս, սակայն այդ ճնշումներից պաշտպանը չպետք է կաշկանդվի եւ իր առաքելությունը պետք է շարունակի:
Փոստանջյանն ասաց, թե դեռեւս տեղյակ չէ ՀԱԿ-ի դիրքորոշումից. «Մենք պետք է սպասենք ուրբաթ օրվան եւ հասկանանք, թե ինչպիսին է նրանց դիրքորոշումը: Նշենք, որ ուրբաթ օրը տեղի կունենա ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում էլ պարզ կդառնա, թե ովքեր են ՄԻՊ թեկնածուները:
Անդրադառնալով մյուս երկու թեկնածուներին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ յուրաքանչյուրի կենսագրությունը հանրության աչքի առաջ է, եւ իրենք պետք է գնահատեն:
Հավելեք, որ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը առաջադրել է իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն` արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: