Քիչ առաջ Ավանում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբներից մեկից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց հավաքագրված ցուցակների մասին և նշեց, որ այնտեղ դարակներում թաքցնում են այդ ցուցակները: Փոստանջյանը շտաբի ՀՀԿ-ական աշխատակիցներից պահանջեց բացել դարակները և ցույց տալ իրենց:
«Երկիր ծիրանի» կուսակցության և շտաբի ներկայացուցիչների միջև ծագած վիճաբանությունից հետո դեպքի վայր եկան նաև ոստիկանները, ովքեր Փոստանջյանից պահանջեցին ազատել տարածքը, որպեսզի կարողանան աշխատել:
Ընդդիմանալով քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի դիմադրությանը` ոստիկանները նրան բռնի ուժով շտաբից դուրս հանեցին և փորձեցին բերման ենթարկել` ուժով նրան փորձելով նստեցնել իրենց ավտոմեքենան, սակայն Փոստանջյանը չհամաձայնեց և հայտարարեց, որ ցուցակներն արդեն ոստիկանները տարան. «Դարակը չթողեցին, որ իմ ներկայությամբ բացվեր, թղթերն էլ ոստիկանները տարան: Դրանք անուն-ազգանունով փաստերն էին, թե ում ինչքան ընտրակաշառք էին տալու… Ինձ բռնության են ենթարկել ոստիկանները: Սա խուլիգան Սերժի պատկերն է»: