ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից փորձեցինք պարզել՝ խորհրդարանում լսե՞լ է որևէ «սադրիչ արտահայտություն» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից: ՀՀԿ-ական պատգամավորը նախ տարակուսեց. «Ինչո՞ւ եք էդ հարցը հեռախոսով ինձ տալի»:
Բացատրեցինք, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային ժողովի ամբիոնը, թույլ է տվել «սադրիչ արտահայտություններ»։ Լինելով ԱԺ պատգամավոր, արդյոք լսե՞լ է այդպիսի արտահայտություններ Փոտանջյանի կողմից՝ Առաքել Մովսիսյանն ամիջապես արձագանքեց. «Ճիշտ են արել, ճիշտ են արել զգուշացրել են… Ազգային ժողովում ես չեմ լսել էդ հայտարարությունը, որ լսեի՝ ես իմ ասելիքը կասեի նրան, եթե նման անշնորհք հայտարարություններ էր անում: Ինչ վերաբերում ա երեկվա իրա ռադիոյով հայտարարություններին՝ պարիսպներ, եսիմ ինչեր, հաստատ Ազգային անվտանգությունը ճիշտ ա վարվում, հաստատ ճիշտ ա վարվում: Դա ես դավաճանություն եմ համարում նման պահվածքը: Դուք միշտ խոսում եք քաղաքակիրթ ձևերից, եսիմ, մեկ-մեկ էլ մեզ եք ընդհատել որոշ հարցերում, բայց նման անշնորհք, անհիմն բաներ չի կարելի դուրս տալ: Զարուհի Փոստանջյանին, ինձ թվում ա, պետք է զննվի, հոգեկան խանգարում, ազգային անվտանգությունն, ինձ թվում ա, դրանով պետք ա զբաղվի, որ բուժեն. երևի հիվանդ ա, էդքան բան կարամ ասեմ, բուժման կարիք ունի, երևի խանգարվել ա»:
Մեր հարցին՝ կարո՞ղ է նշել Զարուհի Փոստանջյանի կողմից Ազգային ժողովի ամբիոնից արված որևէ «սադրիչ արտահայտություն», Առաքել Մովսիսյանն ասաց. «Էն օրվա իրա հայտարարությունը, որ ռադիոյով ես լսա նախագահի՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, եւ պետությունը քանդելու, եւ հանրապետականների։ Ի՞նչ ա, հանրապետականները հայ չե՞ն, մարդ չե՞ն, որ՝ կտապալենք, կսատկացնենք…ինձ թվում ա էդ մարդը հիվանդ ա, պետք ա հոգեբուժարան տարվի՝ ստուգեն, տենան ինչ կարգի հիվանդ ա, ինչ կարգի հիվանդանոց տանեն»: