տուն Լուրեր Փոստանջյանը՝ Փաշինյանի առաջարկությունները մերժելու մասին

Փոստանջյանը՝ Փաշինյանի առաջարկությունները մերժելու մասին

131
0

merjum

Երեկ տեղի ունեցած ԵԼՔ դաշինքի նիստից հետո ԱԺ պատգամավոր, դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշինքը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ ցուցակը գլխավորելու է ինքը: Միեւնույն ժամանակ մի քանի օր է` տեղեկություններ էին շրջանառվում, որ ԵԼՔ դաշինքը բանակցում է Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցության հետ: Հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանին երեք առաջարկություն են արել, որից նա հրաժարվել է:

Առաջինը վերաբերում էր նրան, որ Փոստանջյանին առաջարկվել է ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորել ավագանու ընտրություններում: Ըստ Փաշինյանի` երկրորդ առաջարկը այն է եղել, որ Փոստանջյանին ասվել է ձեւավորել ԵԼՔ- «Երկիր ծիրանի» դաշինքը, եւ ցուցակը գլխավորի Զարուհի Փոստանջյանը: Այս առաջարկից եւս, ըստ Փաշինյանի, Փոստանջյանը հրաժարվել է: Նա հրաժարվել է նաեւ  ԵԼՔ-«Երկիր ծիրանի» դաշինք ստեղծելու եւ այն Նիկոլ Փաշինյանը գլխավորելու առաջարկությունից:

Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը հրաժարվել այդ առաջարկներից: Araratnews.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մենք պաշտոնական  քննարկում չենք անցկացրել, ուղղակի անձնական քննարկում է եղել: Միմյանց հետ հանդիպել ենք, նույնիսկ  պաշտոնական  առաջարկների չենք էլ  անդրադարձել: Ես իմ դիրքորոշումն եմ հայտնել, փոխանցել եմ իրեն, որ ես ընդհանուր առմամբ պահի թելադրանքով մոտեցումներին, դաշինքներին դեմ եմ, եւ այդ իսկ պատճառով էլ չեմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին»: Փոստանջյանը նաեւ ասաց, որ իրենք ունեն տարբեր մոտեցումներ եւ ծրագրեր՝ քաղաքական իմաստով:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դեմ է արհեստական դաշինքներին: Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցությանը, ապա Փոստանջյանն ասաց, որ այն ունի իր ծրագրերն ու մոտեցումները, որոնք առաջ է տանելու:

Հիշեցնենք` երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փոստանջյանն ասել էր, որ «Երկիր ծիրանի»  կուսակցությունը կմասնակցի  Երևանի  ավագանու ընտրություններին, ընդ որում, դեմ չի լինի, որ հենց ինքը լինի Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի ստեղծած «Երկիր ծիրանի» կուսակցությունը գրանցվել է արդարադատության նախարարության պետական ռեգիստրում:

 Փայլակ Ֆահրադյան