Ընտրական նոր օրենսգիրքը որեւէ կապ չունի ազգային շահի, պետականության կայացման հետ, այլ սպասարկելու է փոքրագույն խմբերի շահերը: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքին կարծիք հայտնեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: «Մեր անկախության այս 25 տարիների ընթացքում մենք ընդունել ենք երկու Սահմանդրություն, այնպես չէ, որ ընդունել ենք, ուղղակի դրա ներքո ապրել ենք:
1995 թվականի Սահմանադրությունը 2005 թվականին ենթարկվեց փոփոխությունների, եւ դրանից հետո մենք ընդունեցինք երկու ԸՕ, մինչեւ այդ մենք առաջնորդվում էինք ընտրական օրենսդրությամբ եւ այսօր մենք քննարկում ենք նոր ԸՕ: Ընդհանուր առմամբ, Ընտրական օրենսդրությունը հանդիսանում է սահմանադիր օրենսդրություն, եւ այս պարագայում այն, ինչ մեզ առաջարկվել է, պետք է գնահատել ոչ թե ԸՕ, այլ՝ որքան ցանկանանք, այնքան կխփենք: Այդ առաջարկը ուղղակի սահմանում է ապօրինի իշխանության ժամկետի երկարաձգում, եւ միայն իրենց ցանկությունն է արտացոլված, որը կապ չունի մեր ժողովրդի եւ նրա շահերի հետ»,- ասաց Փոստանջյանը:
Անդրադառնալով 4+4+4 ձեւաչափով քննարկումներին՝ պատգամավորն ասաց, թե հրավեր չեն ստացել, եւ ստանալու դեպքում միայն կքննարկեն իրենց մասնակցությունը: Միեւնույն ժամանակ Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ այն անպտուղ գործըթնաց է, եւ իշխանության համար 2+2-ը հավասար է ոչ թե 4-ի, այլ հինգի:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ քվեարկած քաղաքացիների ընտրացուցակները պետք է հրապարակվեն:Նրա խոսքով ընտրացուցակները ուռճացված են: Կան քաղաքացիներ, ովքեր երկրում չեն, բայց քվեարկում են հօգուտ իշխանության:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից քաղաքական դպրոց հիմնելու որոշմանը, Փոստանջյանն ասաց, թե բացասական է վերաբերվում այդ ամենին: Միեւնույն ժամանակ Փոստանջյանը նշեց, որ դրա վերաբերյալ տեսակետ չի հայտնի:
Ասուլիսին Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը սպասարկում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Նման եզրահանգման Փոստանջյանը եկել է, հետեւելով Պողոսյանի վերջին շրջանի գործունեությանը: Հարցին, թե նոր եք իմացել դրա մասին, թե նախկինում էլ էիք տեղյակ, Փոստանջյանն ասաց, որ հատկապես վերջին շրջանում դա առավել ակնհայտ է դարձել: