Երեկ փոքրիկ ահաբեկչություն կատարվեց՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ իրավապահները կպարզեն՝ թե ո՛ւմ կողմից:
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին՝ ձայնագրության մասին, Ալեն Սիմոնյանը նշեց. «Իրենք ընկել են իրենց պատկերացրած Հայաստանի մեջ, իրենք դուրս չեն եկել այն Հայաստանից, որն իրենք ստեղծել ու ապրել են: Հայելու մուլտֆիլմն է. նայում են հայելու մեջ, իրենց թվում է, թե մենք գործել ենք և գործելու ենք նման ոճի մեջ: Ներողություն եմ խնդրում, բայց եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէր լինի, և այն մարդիկ, որոնք այսօր ազատության մեջ են, ազատության մեջ չէին լինի,- նշեց պատգամավորը, հավելելով,- եկեք կողմնորոշվենք՝ ո՛ր մեղադրանքն է ավելի ճիշտ՝ այն, որ մենք ուղղակի մարդկանց, ովքեր հանրության կարծիքով՝ հանցագործ են, բաց ենք թողնում, թե այն, որ մենք զանգով ինչ-որ մեկին բանտարկում ենք»: