տուն Լուրեր Փողի քանակն ավելացել է, իսկ վարկ վերցնողներինը՝ ոչ

Փողի քանակն ավելացել է, իսկ վարկ վերցնողներինը՝ ոչ

145
0

Ատոմ-Մարգարյան

Համաշխարհային բանկի DOING BUSINESS ամենամյա «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 2016 թվականին զբաղեցրած 43-րդ հորիզոնականից բարձրացել է 38-րդ հորիզոնական` 190 տնտեսությունների շարքում։ Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրառում:

Իսկ թե ինչու է մեր երկրում ավելի հեշտացել գործարարությամբ զբաղվելը վարկերի ստացման և պայմանագրերի կիրառման ոլորտներում հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցեց տնտեսագետ, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հետ:

«Մասնավոր բանկերի և մասնավոր վարկատու կազմակերպությունների կողմից վարկավորման գործարքների ինստիտուցիոնալ պայմանները  բավականին հեշտացել են, նաև որոշակի փոփոխություններ կան տոկոսադրույքների առումով, որովհետև գաղտնիք չէ, որ վերջին հատկապես մեկուկես տարվա ընթացքում պահանջարկը վարկային ռեսուրսների նկատմամբ բավականաչափ իջել է: Նաև՝ դրամային զանգվածի ավելացման ուղղությամբ Կենտրոնական բանկը հետևողական քաղաքականություն է վարում՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Պարզ ասած՝ փողի քանակն ավելացել է, իսկ վարկ վերցնողներինը՝ ոչ: Այսօր արդեն այդ միտումը կա, և, ըստ երևույթին, առաջիկայում էլ ավելի կխորանա, բանկերը ներգրավում են լիկվիդայնության մեծ ծավալի դրամական միջոցներ տարբեր աղբյուրներից, և դրանք տեղաբաշխելու որոշակի խնդիրներ ունեն»:

Պայմանագրային ոլորտի հետ կապված, տնտեսագետի խոսքով՝ այս ուղղությամբ ևս որոշակի քայլեր կատարվել են:

Ինչ վերաբերում է Կառավարության նոր ծրագրին՝ արդյոք այն ճոխություննե՞ր է ենթադրում, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նոր ծրագիրն այնպիսի տրամաբանությամբ է կառուցված, որ ոչ թե ճոխություններ, այլ, ավելի շուտ` տնտեսումներ են լինելու, որովհետև այս Կառավարությունն այլընտրանք չունի: Որպեսզի կառավարությունը կարողանա առաջ գնալ ոչ ստանդարտ լուծումներով, պետք է ինչ-որ կերպ փորձի շտկել իրավիճակը, չնայած ժամկետը բավականաչափ կարճ է»:

Նրա խոսքով՝ տնտեսումներն առաջին հերթին վերաբերում են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը և պետական ծախսերի կրճատմանը. «2017 թվականին բյուջետային ծախսերը այս տարվա բյուջեի համեմատ 100 միլիարդով պակաս են լինելու, և ես ենթադրում եմ, որ այդ ծախսերի կրճատման մեծ մասը հենց վերաբերելու է պետական կառավարման ոլորտին»:

Էմմա Հովսեփյան