ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 13-ը հռչակել է Ռադիոյի համաշխարհային օր։ Տոնի նպատակը ռադիոյի հետ կապ ունեցողների համագործակցության ամրապնդումն է` լինեն խոշոր հեռարձակող ընկերություններ, թե առանձին սիրողական կայաններ։
Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին` Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները, տեղեկացնում է Վիքիպեդիան:
Թվային տեխնոլոգիայի ժամանակաշրջանում ռադիոն շարունակում է աշխարհում մնալ հասարակության հետ կապի ամենատարածված միջոցը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում բոլոր տեղական, մասնավոր, ազգային, միջազգային և այլ ռադիոընկերություններին ու ԶԼՄ-ներին համախմբվել ռադիոյի համաշխարհային օրվա առթիվ` անցկացնելով տարբեր միջոցառումներ: