Փերինչեքը Թուրքիայի պատմության ընթացքում միշտ էլ հայտնի է եղել որպես սկանդալային և տարբեր իշխանություններին ծառայություններ մատուցող անձ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Փերինչեքի դատավարությունից, նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Փերինչեքը տարբեր տարիներին տարբեր սկանդալային իրավիճակների մեջ է հայտնվել դրվագներով է հայտնի: Ամենավերջինը Էրգենեկոնի ահաբեկչական կազմակերպությունն էր, որի շրջանակներում Փերինչեքը դատապարտվել էր 117 տարվա ազատազրկման: Հետաքրքիրր է, որ Թուրքիան այսքան ժամանակով դատապարտված մարդուն ազատում է և նրա վրայից անգամ հանվում է երկիրը լքելու արգելքը»,-նշեց թուրքագետը:
Ըստ բանախոսիˋ ի դեմս Փերինչեքի մենք գործ ունենք Թուրքիա պետության հետ: Նա խորհրդանշում է Թուրքիանˋ թիկունքում ունենալով Թուրքիայի վերնախավի աջակցությունը:
«Դատարանում Փերինչեքի թինկունքում նստած էին Թուրքիայում Եվրամիության հարցերով նախագահը, Թուրքիայի երկրորդ և երրորդ նախագահի թոռները: Հիմա Փերինչեքին պաշտպանում է Թուրքիանˋ անտեսելով, այն հանգամանքը, որ 80-ականներին իր ինքնապաշտպանական ճառերից մեկում Փերինչեքը 19-րդ դարի վերջը և 20-ի սկիզբը դիտարկել է որպես մի գործընթաց, երբ Աբդուլ Համիդի կողմից Թուրքիայի Արևելյան նահանգները անմեղ հայերի արյունով ներկվեցին»,- ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա ըստ Ռ. Մելքոնյանիˋ եթե դատարանն արդարացնի Փերինչեքին, սա Թուրքիայի հաղթաթուղթը կդառնա, որով վերջ կդրվի Ցեղասպանության ընդունման գործընթացին:
Վարդուհի Ստեփանյան