Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 5-ին «Չե´ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպել: Նախաձեռնության անդամները բողոքի ակցիան միացած մի շարք ցուցարարների հետ երթով շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ տեղի էր ունենալու սահմանադրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը։ Մինչդեռ ԱԺ-ի դիմաց խաղաղ բողոքի ակցիան վերածվեց ոստիկանության հետ բախման։ Արդյունքում բերման ենթարկվեց 21 ակտիվիստ, մի քանի իրավապաշտպան: Ոստիկաններն անգամ փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին:
Բերման ենթարկված իրավապաշտպանների շարքում էր նաև փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա բերման ենթարկված մի քանի այլ փաստաբանների հետ պատրաստվում է վարչական հայց ներկայացնել` ընդդեմ ոստիկանության:
«Մենք դատարան ենք դիմելու ոչ միայն մեզ բերման ենթարկելու, այլ բոլոր բերման ենթարկվածների և հավաքի մնացած մասնակիցների իրավունքները պաշտպանելու համար: Նրանց իրավունքները խախտվել են` հավաքը կազմալուծելու և դադարեցնելու հետևանքով. խախտվել է նաև նրանց խաղաղ հավաքի իրավունքը, անձնական անձեռնմխելիության և ազատության իրավունքը»,-Araratnews.am-ի հետ զրույցում նշեց Եգորյանը:
Վերջինս ընդգծեց նաև, որ փոխհատուցման խնդիր է բարձրացվելու այն անձանց համար, որոնց նկատմամբ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, որի հետևանքով քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ կամ էլ նրանց հագուստներն են պատռվել:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ փաստաբանները որոշեցին դիմել վերաքննիչ դատարան և ինչ սպասելիքներ ունեն ՄԻՊ-ի որոշումից՝ Եգորյանը պատասխանեց.
«ՄԻՊ ինստիտուտը գտնվում է զարգացման փուլում և ժամանակ առ ժամանակ այդ երևույթները դրական արդյունք են տալիս: Կատարվում են մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին հատուկ որոշումներ և գործողություններ, հետևաբար ես ակնկալում եմ, որ այս անգամ էլ ՄԻՊ-ը չի սահմանափակվի միայն բերման ենթարկվածների մասով որոշումներով, քանի որ հավաքի մնացած մասնակիցների իրավունքները ևս խախտվել են և թույլատրված օրինական խաղաղ հավաքը փաստացի կասեցվել է ոստիկանության գործողությունների հետևանքով»: