Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը այն է, որ անհնարը մեզ համար ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի են ընդլայնվում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է: Այս մասին ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ:
«Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, և դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում: ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը: Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն և այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները, և հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում: Այո՛, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, և մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը»,- դիմելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը: