Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը մեկնաբանեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի` ՀՀԿ – «Իմ քայլ» ձևաչափով երկկողմ բանավեճ կազմակերպելու կոչը։
Դաշինքի մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` Նիկոլ Փաշինյանը նախկինում արդեն հայտարարել էր, որ պատրաստ է գալ բանավեճի բոլոր կուսակցությունների և դաշինքների առաջին դեմքերի մասնակցությամբ։ Մեր ճշտող հարցին, թե Փաշինյանը կհամաձայնի՞ Վիգեն Սարգսյանի առաջարկած` առանձին երկկողմ բանավեճ անցկացնելու տարբերակին, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞վ է Վիգեն Սարգսյանն ուրիշներից առավել»։
Հիշեցնենք` ՀՀԿ առաջին փոխնախագահն այսօր Facebook սոցիալական ցանցի իր էջում դիմել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով»,– գրել էր նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում