ԱԺ-ում, ուր քննարկվում էր ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, ԱԺ պատգմավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող, տրանսպորտի փոխնախարար Արթուր Առքելյանին հարցրեց, թե Սերժ Սարգսյանն էր դեռևս խոսել «ատկատների» մասին և մատնացույց արել նաև տրանսպորտի ոլորտը: Մինչդեռ տրանսպորտի նախարարը, ըստ նրա, հայտարարել է, թե «ատկատներ» չկան և չեն եղել:
«Ի վերջո «ատկատների» մեխանիզմը ճանապարհաշինության ոլորտում գործո՞ւմ է, թե՞ չի գործում»,- հարցրեց Փաշինյանը, հավելելով՝ եթե չկա, ապա ինչ մեխանիզմով են հաղթահարել, և կա՞ն պատասխանատվության ենթարկվածներ:
Ի դեպ, Փաշինյանը նաև նկատեց, թե նախընտրական շրջան է, ու պատգամավորների թեկնածուների համար ընդունված պրակտիկա է՝ ասֆալտ փռելով ձայներ ստանալ:
«Շատ անգամ մարդիկ չեն էլ իմանում, որ վարկային ծրագրերի հաշվին են դրանք արվում, այսինքն՝ քաղաքացիների փողով քաղաքացիներին լավություն են անում և ներկայացնում որպես աջակցություն»,- ասաց նա և հարցրեց, թե ինչ պետք է անել, որ նման հարցեր չառաջանան:
Ըստ Փաշինյանի` տենդերը շահում են իշխանական շրջանակների հետ կապ ունեցող մարդիկ:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը համաձայնվեց՝ «ատկատի» վերաբերյալ խոսակցությունները շատ են, որից դուրս չէ նաև ճանապարհաշինության ոլորտը: «Երաշխիքը մեկն է՝ մենք աշխատում ենք թափանցիկ, որոշումների կայացման փուլից սկսած: Ճանապարհների ընտրությունը, պայմանագրերի շնորհումը, հետագա հսկողությունը հանրամատչելի է դարձվել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մրցույթի ընտրությանը, ապա, ըստ փոխնախարարի, բոլոր մրցույթներին ունենում են բազմաթիվ մասնակիցներ: «Այնպես որ, այդ արատավոր երևույթների ռիսկերը առավելագույնս նվազեցվել են»,- ասաց նա:
Իսկ նախընտրական շրջանում փոխնախարարի խոսքով բազմաթիվ համայնքներում խնդիր կա ճանապարհների նորոգման: Արթուր Առաքելյանն ասաց, թե եթե մի համայնքում նախընտրական խոստում կլինի և արդյունք կլինի, դա լավ է, բայց կոնկրետ վարկային ծրագրերն արվում են թափանցիկ մեխանիզմով, իսկ այլ ռիսկի գործոն նա չի տեսնում: