Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ ապրիլի 2-ին Հայ հեղափոխական դաշնակցությունը դիմում-բողոք էր ներկայացրել Տիգրան Մուկուչյանի ղեկավարած հանձնաժողով՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ:
«Դիմումը վերահասցեագրման կարգով ներկայացվել է թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով: Դիմումի քննությամբ՝ տվյալ տարածքային հանձնաժողովը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները,- մանրամասնեց Հերմինե Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով.- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփեց արդյունքները, եւ իր որոշմամբ արձանագրվեց, որ այն փաստը, որ տվյալ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչել, չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հետեւաբար, վերաքվեարկություն չի նշանակվի»:
Հիշեցնենք՝ Փարպին նախկին ԲՀԿ-ական, բայց այս ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Բազմասեր Առաքելյանի հայրենի գյուղն է, ուր քարոզարշավի ընթացքում միջադեպ էր գրանցվել:
ՀՅԴ-ականները սոցցանցերում տեղեկություն էին տարածել, որ Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանը, իր տուն հրավիրելով համագյուղացիներին, ծեծել էր նրանցից մեկին, երբ տեղեկացել էր, որ վերջինս պատրաստվում է քվեարկելու ՀՅԴ-ի օգտին: