տուն Լուրեր ՊԳԿ վարչությունում հյուրընկալվել է ԱՄՀ առաքելությունը

ՊԳԿ վարչությունում հյուրընկալվել է ԱՄՀ առաքելությունը

75
0

DSCF9571

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Պետական գույքի կառավարման վարչության  պետ Արման Սահակյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ներկայացուցիչների հետ, պատվիրակությունը գլխավորել է Հոսեյն Սամիին: Այցի նպատակը Մասնավորեցման  ծրագրի հետ կապված հարցերի քննարկումն էր: ՊԳԿՎ ղեկավարը հյուրերին համառոտ ներկայացրել է, թե մասնավորեցման գործընթացը մեր երկրում ներկայում որ փուլում է  և ինչպիսին է ոլորտում  իրականացվող պետական քաղաքականությունը:

ՙՙՎերջին տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում դրված է արդյունավետության բարձրացման,  նոր ներդրումների ներգրավման, չաշխատող պետական ակտիվների վերագործարկման  խնդիրը, իսկ մասնավորեցումը  Վարչության գործառույթների մեջ որպես առանցքային ուղղություն այլևս չի համարվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 1991թ.-ից սկսված մասնավորեցման գործընթացն այսօր մոտեցել է ավարտին:

1991թ.-ից սկսած մինչ օրս, մասնավորեցվել են տնտեսության տարբեր ոլորտներին պատկանող պետական մասնակցությամբ՝  2043 խոշոր, միջին և փոքր ընկերություններ, 100 տոկոսով մասնավորեցվել են նաև առևտրի, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտների կազմակերպությունները, որոնց ընդհանուր թվաքանակը 7309 է,  ինչպես նաև  անավարտ շինարարության օբյեկտները, ընդհանուր թվաքանակը՝ 101: Ներկա դրությամբ մասնավորեցված է պետական մասնակցությամբ ընկերությունների 90 տոկոսը,- ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Վարչության ղեկավարը խոսել է նաև Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին, ներկայացրել նախապատրաստական ծավալուն աշխատանքը, որ տարվում է՝ ընկերությունները օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ գործակցության նոր ծրագրում կընդգրկվի նաև մասնավորեցումը, հետաքրքրվել է, թե ինչպես է ապահովվում գործընթացի թափանցիկությունն ու արդյոք պետական գույքի այս կամ այն եղանակով  վաճառքը հասանելի է արտաքին ներդրողներին:

ՙՙՄասնավորեցման ծրագիրը մշակվել է հրապարակային քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր քայլ  կարգավորված է օրենսդրությամբ, կատարման ընթացքը ևս թափանցիկ ու բաց կլինի, հասանելի նաև արտաքին ներդրողներին` հնարավոր բոլոր եղանակներով: Մասնավորեցման նոր ծրագրի նպատակը ներդրումներն են,  մրցունակության բարձրացումն ու ծառայությունների բարելավումը: Այն նաև պետություն- մասնավոր հատված գործակցության վառ օրինակ է,-պարզաբանել է Վարչության պետ Արման Սահակյանը: