ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ, Արգամ Այվազյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վրդովված փաստեցˋ ՀՀ պետական կառույցները բացահայտ անտարբերություն են ցուցաբերում հայկական հուշարձանների պահպանման հարցում:
«Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մասնակցեց Վատիկանի թանգարաններից մեկում քիրստոնեական արժեքներին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին, որտեղ ելույթ ունեցավˋ կարևորելով քրիստոնեկան արժեքների պահպանումը, խոսեց նաև Ջուղայի և Նախիջևանի հուշարձանների ավիրման մասին, հայտարարեց նաևˋ միջազգային հանրությունը չի անդրադարձել խնդրին»,- ասաց Արգամ Այվազյանն ու նշեցˋ շատ տեղին ելույթ էր, սակայն եթե այսօր Հայաստանում այս հարցի մասին չկա որևէ պետական դիրքորոշում, այդ դեպքում միջազգային հանրությունից ի՞նչ պահանջենք:
Նրա խոսքովˋ Հայաստանի պետական կառույցներն առ այսօր որևէ քայլ չեն արել այդ մշակութային վանդալիզմը միջազգային հանրությանը ցույց տալու համար և պետության դիրքորոշումն անբարոյականություն է:
«Ասեմˋ 1998թ-ից մինչև 2006թ—ը Նախիջևանի տարածքում Ադրբեջանի իշխանությունների և Նախիջևանի պետական իշխանությունների ձեռքով ավիրվել է 27 000-ից ավելի հուշարձան»,- փաստեց նախիջևանագետըˋ ընգծելով, որ մեզ մոտ այդ մասին միայն հաշվարկներ արեցին, ուրիշ ոչինչ:
Բանախոսի խոսքովˋ մինչ օրս այդ մասին ՀՀ-ում չի արվել ոչ մի պետական հայտարարություն, չեն կազմակերպվել ակցիաներ, կուսակցությունները ոչ մի հայտարարություն չեն հնչեցրել:
«Պետության կողմից անբարոյական վերաբերմունք է, երբ ավիրվում են հուշարձանները ու չկա որևէ աջակցություն, արձագանքˋ խնդրի վերաբերյալ»,- ասաց Արգամ Այվազյանը:
ԱմփոփելովˋԱրգամ Այվազյանը հավաստիացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի հովանավորությամբ ամենուր կավիրվեն ու կպղծվեն մեր հուշարձաններն ու խաչքարերը: