տուն Լուրեր Պետք է պատրաստ լինենք պատերազմի. Վարդան Դևրիկյան

Պետք է պատրաստ լինենք պատերազմի. Վարդան Դևրիկյան

190
0

22914

Լուսանկարը՝ hetq.am-ի

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի պնդմամբ՝  ավելի լավ է՝ վատ բանակցություններ, քան  որևէ այլ տարբերակ:

«Անկախ նրանից՝ ակնկալիքներ կային, թե ոչ, հանդիպմանը պետք էր մասնակցել: Չմասնակցելն, առաջին հերթին, պարտվողական հոգեբանության դրսևորում կլիներ, եւ երկրորդ՝ եթե որևէ հանդիպման չենք մասնակցում, ապա մենք մեզ դնում ենք միջազգային մեկուսացման մեջ՝ թողնելով, որ հարցն առանց մեզ լուծվի, երրորդ՝ չմասնակցել՝ նշանակում էր հրաժարվել բանակցություններից եւ այրել կամուրջները, որը մեզ պետք չէր»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում, խոսելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներից՝ ասաց
Վարդան Դեւրիկյանն:

Նրանք, ովքեր ասում են, թե այդ հանդիպմանը մասնակցել պետք չէր, ըստ պարոն Դևրիկյանի՝ «էժան էֆեկտների կողմնակից են»:

«Եթե գործող բանակի առաջին գծում կանգնած մեկն ասեր՝ պետք չէ մասնակցել, ապա ես, չընդունելով իր կարծիքը, կհարգեի, բայց, եթե փողկապով որևէ մեկը, Երևանի կենտրոնում նստած, ասում է՝ մենք պետք է հրաժարվենք՝ ապա այդպես էժան էֆեկտների է գնում. հրաժարվելը կտանի իրավիճակի սրման, իսկ դրա մասին խոսելու բարոյական իրավունք ունի միայն նա, ով անմիջականորեն մասնակցելու է գործողություններին»,- նշեց Վարդան Դևրիկյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ քաղաքական գործիչների տարբեր հայտարարություններ  պատերազմի վերսկսման մասին են վկայում, Դեւրիկյանը նկատեց՝ պատերազմից խուսափել՝ չի նշանակում պատերազմից վախենալ:

«Անկախ ամեն ինչից՝ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն անցել են պատերազմի միջով, գիտեն՝ դա ինչ զարհուրելի բան է եւ աշխատում են հնարավորինս խուսափել պատերազմից: Միաժամանակ այն գործիչներն են, որոնք չեն վախենում պատերազմից: Պետք է մտածենք խաղաղությունը պահելու մասին, բայց եթե չի լինում խաղաղություն պահել, պարտադրում են միակողմանի զիջումներ։ Բնականաբար պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- հավելեց պարոն Դևրիկյանը:

Ըստ Վարդան Դևրիկյանի՝ մի բան պարզ է, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարության մոտ չկա պարտվողականության եւ միակողմանի զիջումների տրամադրություն: