Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ Araratnews.am-ը զրուցել է սահմանին վերջին շրջանում լարվածության սրման պատճառների մասին:
—Պարո´ն Դավթյան, ինչի՞ հետ եք կապում սահմանին լարվածության այս աստիճան սրումը հակառակորդի կողմից:
-Ալիևն իր պաշտոնավարման առաջին օրերից որդեգրել է հայատյաց քաղաքականություն, անընդհատ ասում են՝ իրենց համբերությունը սահման ունի, այդ սահմանն անսահման չէ, իրենք պատրաստ են ցանկացած պահի վերականգնել «իրենց տարածքային ամբողջականությունը», ինչ միջոցներ են հատկացվում եւ այլն… Այս ամենին, իհարկե, պետք է ինչ-որ գործողություններ հետևեն, գործողություններն, ի վերջո, երբ նման դեպքերից ես հանդես գալիս, պետք է ինչ-որ տեղ կոշտանան։ Այն, ինչ արել ես երեկ, այսօր ուրիշ՝ ավելի անմարդկային տեսք կամ դեմք պետք է ընդունեն: Դա է պատճառը, որ սկզբից սովորական զինատեսակներից էին օգտվում, հիմա արդեն կիրառում են ականանետներ եւ այլ զինատեսակներ: Հայկական կողմի արձագանքն էլ լինում է համարժեք. Ադրբեջանը կրում է բազմապատիկ կորուստներ, եւ այդ առումով նաեւ պետք է ասեմ՝ հայկական կողմի համբերությունն էլ անսահման չէ, եթե ավելի լուրջ արկածախնդրության գնա ալիևյան վարչակարգը:
-Եթե ամեն ինչ ընթանա ըստ Ձեր տրամաբանության, այսինքն՝ վաղն ավելի կոշտ գործողություններ լինեն, քան այսօր են, ապա ինչ սպասել առաջիկայում:
-Մենք, անկախ ամեն ինչից, պետք է հասկանանք եւ ընդունենք՝ պատերազմն ավարտված չէ: Պետք է ընդունենք այն իրողությունը, որում ապրում ենք, եւ ընդունելով այդ իրողությունը՝ պետք է պատրաստ լինենք ամենաանցանկալի սցենարին, իսկ ամենաանցանկալի սցենարը պատերազմական լայնածավալ գործողությունների սկսվելն է: Հայկական կողմի գործողությունները ոչ միայն մեր անվտանգությունից բխող գործողություններ են, այլեւ Ալիևին սթափեցնելու: Ինչքան մեր պատասխանը լինի հուժկու, կոշտ, այնքան ավելի շուտ կսթափվի Ալիևը:
-Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, եւ միջազգային այլ կառույցների հայտարարություններն ու կոչերը Ադրբեջանի համար, ասես, նշանակություն չեն ունենում, չե՞ք կարծում՝ եթե դրանցից գոնե մեկը գործնականում կիրառվեր, պատկերն այլ կլիներ։ Ի վերջո, ի՞նչ պետք է արվի հակառակորդին զսպելու համար, որ չի արվում:
-Միջազգային հանրության համբերությունն էլ անհատակ չէ, մենք տեսնում ենք հայտարարություններ, փաստաթղթեր, նույն այդ Մինսկի խմբի կողմից անցած տարի բավականին կոշտ հայտարարություններ եղան, կարծում եմ՝ այլ հայտարարությունների եւս ականատես կլինենք: Բայց պետք է մի բան ասեմ՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանությունն ու ժողովրդի անվտանգության ապահովումը առաջին հերթին մեր խնդիրն է, մեր բանակի խնդիրն է, որն էլ այն փայլուն կերպով իրականացնում է:
Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆ
Լուսանկարն՝ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ