«Բոլորին է հայտնի, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է տիրում Եվրոպայում, ուստի այդ իրավիճակում գագաթնաժողովի կայացումն արդեն կարևորագույն փաստ է, որն այնքան էլ դյուրին իրադարձություն չէր, բայց ԵՄ-ն արտաքին աշխարհին փորձեց ցույց տալ, որ Արևելյան գործընկերությունն իր համար շարունակում է մնալ կարևոր երևույթ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում վերջերս կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովից և դրա ունեցած արդյունքներից՝ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Դեսպանի պնդմամբ՝ գագաթնաժողովը կրկնեց Եվրամիության հիմնական դրույթները, որոնցից ամենակարևորն այն է, որ ԵՄ-ն շարունակում և շարունակելու է աջակցել գործընկեր երկրներում իրականացվող բարեփոխումներին՝ կարևորելով այն, որ մարդկանց համար դրական և շոշափելի արդյունքներ ձեռքբերվեն:
Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության հիմնական թեմաներին, ապա դրանք, ինչպես նշեց դեսպանն, անփոփոխ են՝ կաշառակերության դեմ պայքար, իրավական պետություն սկզբունքը, այդ թվում նաև՝ տնտեսական զարգացում, դրան ուղղված աջակցություն, տնտեսական արդիականացում, ինչպես նաև արտոնագրային ռեժիմի դյուրացում:
«Ռիգայի գագաթնաժողովը հասավ այն արդյունքին, որ խոսեց հստակորեն և ընդունեց տարբերակված մոտեցման սկզբունքը»,- ասաց դեսպանն ու հիշեցրեց՝ Արևելյան գործընկերության վեց անդամ-պետություններն ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները կարգավորում են վեց տարբեր պայմանագրային ձևաչափերով, որը վերահաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում:
Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի տարբերակված մոտեցում ասելով. «Ադրբեջանի հավակնություններն այլ են, Հայաստանինն՝ այլ: Ադրբեջանն ավելի շատ հակված է ունենալու ռազմավարական ու արդիականացմանն ուղղված հարաբերություններ, Հայաստանն ավելի շատ նայում է ժողովրդավարական փոփոխությունների ուղղությամբ: Արևելյան գործընկերության նպատակը գործընկեր պետություններին մերձեցնել ԵՄ արժեքներին՝ առանց ԵՄ անդամակցության հեռանկարի»:
Թե Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը որ ոլորտներում կլինի՝ Ռայներ Մորելը դժվարացավ հստակ պատասխանել. «Կորոշի ապագան, բայց մի բան պարզ է՝ գագաթնաժողովում ասվեց, թե վեց գործընկեր պետությունների հետ պետք է շարունակվեն հարաբերությունները ու պայմանագրերը պետք կնքվեն համաձայն այդ երկրներում ծագած անհրաժեշտությունների և հավակնությունների: Վերջին ժամանակներս նորից սկսվեցին ԵՄ-Հայաստան խորհրդակցությունները, կողմերը կրկին անգամ հանդիպեցին, սրանք խորհրդակցական հանդիպումներ էին, ոչ բանակցային հանդիպումներ: Հանդիպումների մի ձևաչափ էր, որտեղ պետք է պարզվեր՝ ինչ հավակնություններ ունի ՀՀ-ն ԵՄ-ի հետ համագործակցության հարցում: Այն տպավորությունն ունեմ, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել մի բլոկ, և այդ բլոկի դրույթների շուրջ բանակցությունները կկատարվեն ԵՄ բանակցող խմբերի միջև: Չեմ տիրապետում մանրամասներին, հիմնականում այն դրույթներն են, որոնք նախորդ բանակցությունների օրակարգում են եղել, երբ խոսքը ասոցացման համաձայնագրի մասին էր»:
Շողիկ Գալստյան