«Մենք պատրաստվում ենք 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ի պատասխան լրագրողների` աշնանը արտահերթ ընտրություններ կլինե՞ն հարցին:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ը պատրաստ է քննարկումներ սկսել ցանկացած հարցի մասին, եթե կլինեն առաջարկներ: «Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ-ում ՀՀԿ-ը մեծամասնություն է, իսկ կառավարության ղեկավարը ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Իսկ ապրիլին չէի՞ք մտածում այդ մասին: Պետք էր համբերել մինչեւ 2022 թվականը: Գնացել են այդ քայլին, իրավիճակը տեսնելով՝ ընդառաջել ենք: Ազգային ժողովն աշխատում է բնականոն, Ազգային ժողովում մենք ենք իշխանություն, ընդդիմություն ենք կառավարությանը»:
Վահրամ Բաղդասարյանը գնահատական չտվեց կառավարության կազմին, քանի որ նոր են նշանակվել նախարարները: «Պետք է ժամանակ տալ, որ աշխատեն: Կաշխատեն` կտեսնենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը եւ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի՝ ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնի հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ շփում չի ունեցել Արտակ Դավթյանի հետ եւ չի կարող կարծիք հայտնել. «Բայց Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը չպետք է ընդունել հանրության կարծիք, միասնական կարծիք: Պետք է ուղղակի հետեւություն անել: Իսկ նոր պաշտոնյային հնարավորություն տանք աշխատել: Նա պետք է զգոն լինի այս նոր պաշտոնում»:
Սոնա Դավթյան