Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանում պետք է ներկայացված լինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին կարծում է, որ ազգային փոքրամասնությունների մասով Սահմանադրության նախագիծն ընդունելի է:
«Այն դրույթը, որի համաձայն` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է ներկայացված լինեն Ազգային ժողովում, ողջունելի է: Այդ կետի համար մենք ենք տարիներ առաջ առաջարկ ներկայացրել դեռ 2013 թ-ին: 2015 թվականի գարնանն էլ ստորագրահավաք ենք անցկացրել և դիմել նախագահին` մեր համայնքի այլ կազմակերպությունների հետ համատեղ: Այս առումով` կարծում եմ, որ մեր համայնքի ներկայացրած պահանջի իրականացումն էր: Այդքանով հանդերձ` հարցականի տակ է մնում իշխանության ձևավորման խնդիրը, թե որքանով է այն արդարացված, որքանով է այն ճիշտ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց նա:
Բորիս Մուրազիին անհանգստացնում է ընդդիմադիր ուժերին հուզող հարցերից մեկը` կայուն մեծամասնություն ձևավորելու համար ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:
«Դրանով իշխանություններին հնարավորություն է տրվում «փակել» խորհրդարան մտնելու մի քանի ընդդիմադիր ուժերի ճանապարհը։ Գոյություն ունեցող խնդիրները, իմ համոզմամբ, պետք է լուծել ոչ թե բոյկոտելով, այլ` քննարկումների ճանապարհով: Եթե թողնենք իշանություններին՝ այդ հարցերը փոփոխության չեն ենթարկվի: Այսպես, թե այնպես՝ իշխանությունները կանցկացնեն այդ նախաձեռնությունը, բայց քննարկումներին գնալ ու առաջարկություններ ներկայացնել պետք է»,- նշեց նա: