Գյումրու դեպքերը էմոցիոնալ արձագանքներ ստացան, ինչը պարզ է, բայց քաղաքականացնել այս ամենը ճիշտ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Հարցը միշտ դիտարկվում է քաղաքական կոնտեքստում: Դեպքերից հետո մենք կատարեցինք կոնտենտ վերլուծություն, պարզելու համար, թե ինչ արձագանքներ դեպքը ստացավ ռուսական ԶԼՄ-ներում: Պետք է նշել, որ լրատվամիջոցները, բոլոր դեպքերում, զուսպ էին: Նյութերում հակահայական կամ հակառուսական երանգներ չկային, բայց, միևնույն ժամանակ դեպքը բավականին սառնասիրտ էր ներկայացված, կարծես սա սովորական հանցագործություն էր»,-նկատեց Ա. Ադիբեկյանը:
Խոսելով շարժառիթներիցˋ սոցիոլոգը նկատեց, որ դրանք դեռևս մնում են անհասկանալի. «Իմ գործընկեր Գերոգի Ֆոլարովը հայտնել է այն կարծիքը, որ այս հանցագործության մեջ սատանիստական ձեռագիր կա, որը հատուկ է սատանիստական աղանդավորների գործողություններին»,-նշեց սոցիոլոգը:
Անդրադառնալով ՌԴ բանակի ընդհանուր վիճակինˋ բանախոսը շեշտեց, որ ըստ վիճակագրությանˋ ՌԴ ռազմատարածքներում տարեկան մոտ 50 հազար հանցագործություն է տեղի ունենում, որոնց 1/3-ը՝ զորամասից դուրս:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հավանակա՞ն է, որ Ավետիսյաններն ու Պերմյակովը ծանոթ լինեին, բանախոսը պատասխանեց. «Սոցիոլոգիայում գործում է հինգ ծանոթությունների սկզբունքը: Եթե դու ունես հինգ ծանոթ, դու ճանաչում ես Անգլիայի թագուհուն: Ես գիտեմ մարդու, ով ճանաչում է Պուտինին, ով իր հերթին ճանաչում է Անգլիայի թագուհուն: Ստացվում է, որ ես ճանաչում եմ Անգլիայի թագուհուն: Դուք ճանաչում եք ինձ, ուրեմն դուք էլ եք ճանաչում Անգլիայի թագուհուն: Այստեղ կարևոր չէ ծանոթ –անծանոթ լինելը, որովհետև ամեն տեղ էլ կարելի է կապ գտնել: Այստեղ ավելի էական է հասկանալ դրդապատճառները»: