2015թ.-ի ընթացքում, առաջնային շուկայում պետական կարճաժամկետ պարտատոմսերի (ՊԿՊ) եկամտաբերությունը գրանցել է անկում՝ փետրվարին արձանագրված 15,2%-ի փոխարեն դեկտեմբերին այն կազմել է 11,7%, իսկ միջնաժամկետ (ՊՄՊ) և երկարաժամկետ պետական պարտատոմսերը (ՊԵՊ) գրանցել են փոքր աճ, մասնավորապես միջնաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 14 %-ից հասել է 15,5 %, իսկ երկարաժամկետները՝ 16 %-ից, հասել է 16,7%:
Հիշեցնենք, որ 2015թ.-ի սկզբին պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճել էր ֆինանսական շուկայում 2014 թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած ցնցումներից հետո: Ազգային արժույթի թուլացումը, ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը և շուկայում ստեղծված ոչ բարենպաստ վիճակը բերեցին պարտատոմսերի եկամտաբերության աճին:
Եվ այսպես, 2015 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 320,8 մլրդ դրամ, որի կառուցվածքում ամենափոքր մասնաբաժինը կազմել են կարճաժամկետ պետական պարտատոմսերը՝ 6,7%:
Ամենամեծ տեսակարար կշիռ ունեցել են միջնաժամկետ պարտատոմսերը, որի մասնաբաժինը կազմել է 48%, ապա երկարաժամկետ պարտատոմսերը ՝ 45%, իսկ ամենափոքրը՝ խնայողականներինը կազմել է 0,3 %: Ընդհանուր առմամբ, պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է՝ 13,9 %:
2014 թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ պետական պարտատոմսերի ծավալները աճել են 31 մլրդ. դրամով: Դա աճել է նախ կարճաժամկետ պետական պարտատոմսերի աճի հաշվին՝ 8 մլրդ. դրամով, 12,5 մլրդ. դրամից հասնելով՝ 21,4 մլրդ. դրամի, որի արդյունքում էլ նվազել է դրանց եկամտաբերությունը:
Միջնաժամկետ պարտատոմսերի ծավալներ մեկ տարվա ընթացքում, աճել են ընդամենը մոտ 4 մլրդ. դրամով, հասնելով 154 մլրդ. դրամի սահմաններում, իսկ երկարաժամկետ պարտատոմսերի ծավալները աճել են 19 մլրդ. դրամով, 125 մլրդ.-ից հասնելով 144 մլրդ դրամ: Այսինքն նախորդ տարվա ընթացքում տեղաբաշխվել են ամենաշատը կարճաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսեր:
Հետաքրքիր է այն փաստը, որ միայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, պետական պարտատոմսերը աճել են ևս 14 մլրդ. դրամով, այսինքն պետությունը ավելի է ակտիվացնում այս գործիքների միջոցով արտաքին պարտքի հետ նաև, ներքին պարտքի ավելացումը:
Ընթացիկ տարում, նույնպես պարտատոմսերի արժողության և եկամտաբերության վրա էական ազդեցություն են ունենալու՝ դրամի փոխարժեքը, գնաճի տեմպերը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Եվս մեկ անգամ ավելացնենք, որ Կառավարության կողմից այս եղանակով, թեկուզը ավելի բարձր տոկոսադրույքներով պետական պարտքի ավելացումը, ավելի ճիշտ է, քան արտաքին փոխառությունների միջոցով, քանի որ հայկական դրամով, թեկուզև թանկ ներքին պարտքի և տոկոսների սպասարկելը ավելի ապահով է, քան արտարժույթով արտաքին պարտքի սպասարկումը:
Կարևոր է նաև կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացումը, ինչպես նաև երկարաժամկետ և միջնաժամկետ պարտատոմսերի ավելի լայն հասանելիության ապահովումը, որի արդյունքում դրանց եկամտաբերությունը կնվազի, դրանով կնվազի նաև պետական պարտատոմսերի պարտքային բեռի սպասարկումը: