տուն Լուրեր Պետական միջոցառումների բյուջեի 55 տոկոսը ՀԿ-ներն են իրացնում. լսումներ ԱԺ-ում

Պետական միջոցառումների բյուջեի 55 տոկոսը ՀԿ-ներն են իրացնում. լսումներ ԱԺ-ում

95
0

748062

Այսօր Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը առաջարկեց կոչում ունեցող գործիչներին տրամադրել ամբողջական ապահովագրություն, կարգավորել արվեստանոցների նպատակային օգտագործման եւ իրավահաջորդության հարցը, մասնավորապես, խոսքը վերաբերում է Նկարիչների միությանը պատկանող արվեստանոցների օգտագործմանը:

«Իսկ թանգարանների հուշարձանների պահպանության ոլորտում առաջարկվում է ստեղծել միասնական տեղեկատվական շտեմարան, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր թանգարանները: Այստեղ առաջարկում եմ ընդունել գույքագրման միջազգային չափանիշներ»,-ասաց Դավթյանը:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով ասաց, որ ՀՀ-ում գործում է 77 թանգարան:

«Վերջին տարիներին թանգարաններն ավելացել են՝ դարձել են 1178, որից 23-ը գործում է ՝ մշակույթի նախարարության ներքո: Այս տարի ավարտվել են Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները: Ավարտվել է Կոմիտասի նորաստեղծ տուն-թանգարանի կառուցման աշխատանքները, Սևակի տուն-թանգարանի վերակառուցման ծրագիրը»,- ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ միջազգային հարթակներում շատ կարևոր է մեր մշակույթի հանրահռչակումը:

«Վերջին 3-4 տարիների ընթացքում ոչ նյութական ժառանգության մշակույթի ոլորտն օրենսդրորեն լիարժեք կարգավորել ենք և կարող ենք ոչ նյութական մեր մշակութային ժառանգությունը ներկայացնել: Ներկայացնում ենք դուդուկը, խաչքարագործությունը, «Սասունցի Դավիթ» էպոսը: Հայաստանում միջազգային բնույթի միջոցառումները լինելու են մեր թիրախը, փորձելու ենք միջազգային հյուրերի ներգրավել եւ հանրահռչակել ցեղասպանության մեր ցավը, մեր ողբերգությունը»,-ասաց Պողոսյանը:

Մշակույթի ոլորտում, որպես խնդիր, փոխնախարարն ասաց, որ հասարակական կազմակերպությունները, ստեղծագործական խմբերը ավելի ճկուն են, քան պետական կազմակերպությունները՝ պետական պատվերն իրականացնելու առումով: Պետական միջոցառումների բյուջեի 55 տոկոսը Հ/Կ-ներն են իրացնում՝ իրականացնելով միջոցառումներ: