տուն Լուրեր Պետական մարմինները մեկ գործընթաց են կատարում՝ ընտրախախտումներ. Ա. Գրիգորյան

Պետական մարմինները մեկ գործընթաց են կատարում՝ ընտրախախտումներ. Ա. Գրիգորյան

153
0

55555

Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն արձանագրել են շուրջ 190 ընտրախախտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ամենատարածված ընտրախախտումներից էր ուրիշի փոխարեն քվեարկելը. «Ընտրողն ընտրատեղամաս է գալիս և տեսնում, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է, այսինքն` իր փոխարեն արդեն քվեարկել են: Ընտրակեղծարարության այս գործիքն ամենատարածվածն է: Այս անգամ 18 այդպիսի ընտրախախտում է  եղել»:

Գրիգորյանի խոսքով՝ հիմնական ընտրախախտումները արձանագրվել են բուն ընտրությունների ընթացքում՝ մինչև ժամը 20.00-ը. «Ամբողջ ընտրախախտումները վերևից ներքև կազմակերպված են, պետական բոլոր մարմինները, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար, ամբողջովին համագործակցության մեջ են, ու հրամանը վերևից գալիս է բոլոր մարմիններին: Բոլորը մեկ գործընթաց են կատարում՝ ընտրախախտումներ»:

Ասուլիսի մյուս բանախոս` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացրել միայն Վանաձորում և Գյումրիում, և կարծում է, որ ընտրախախտումներ են լինում նաև այն պատճառով, որ ընտրական հանձնաժողովների անդամները կամ համառություն ու կամք չեն դրսևորում, որպեսզի ընտրական գործընթացը համապատասխանի Ընտրական օրենսգրքին, կամ էլ բավարար չափով չգիտեն այդ օրենսգիրքը. «Այս ընտրությունները ազատ չեն եղել: Մարդուն բերման են ենթարկում ընտրատեղամաս, որպեսզի նա քվեարկի: Հստակ է, որ մեծ ճնշման տակ է գտնվում ընտրողը, նաև` ոստիկանության ակնհայտ անգործության պարագայում»:

Նա նաև անդրադարձավ մի միջադեպի, որը ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցվել է Գյումրիում. «Օրը ցերեկով ընտրական տեղամաս են բերում սննդի արկղ` «Բալասանյան դաշինք» գրությամբ, ու ոչ ոք չի ասում՝ հետ վերցրեք, տարեք, ամոթ է, իսկ դա ընտրակաշառք է տեղամասում: Հաղորդումը տրված է ոստիկանություն»:

Էմմա Հովսեփյան