Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է պնդումներն այն մասին, որ ՌԲԿ-ի ղեկավարության՝ աշխատանքից հեռանալու պատճառը հոլդինգի վրա իշխանությունների ճնշումներն են: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
«Պետք չէ մոռանալ, որ դա մասնավոր լրատվական հոլդինգ է: Հավանաբար, խմբագրական ղեկավարության փոփոխության պատճառների մասին հարկավոր է հարցնել հենց հոլդինգի ղեկավարությանն ու սեփականատերերին: Այստեղ տեղին կլիներ հիշել նախագահի այսօրվա խոսքերն այն մասին, որ նա տեղեկատվակա բազմակարծության կողմնակից է»,- ասել է Պեսկովը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նա նաեւ պարզաբանել է, որ իրավապահ մարմինները չեն կարող լրատվամիջոցի ղեկավարություն փոխել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը քննչական վարչությունը ՌԲԿ մեդիահոլդինգում խարդախության կասկածանքով քրեական գործ է հարուցել: Իրավապահները մտադիր են ստուգել հնարավոր հանցագործությանը ՌԲԿ-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մոլիբոգի, նրա առաջին տեղակալ Եկատերինա Կրուգլովի, հոլդինգի ֆինանսական տնօրեն Իգոր Սելիվանովի եւ մի շարք աշխատակիցների մասնակցությունը: Գործը հարուցվել է՝ կապված ՌԲԿ-ի երկու բաժնետոմսերին 13.4 մլն դոլարի չափով 25% արժեթղթերից ենթադրյալ զրկելու հետ: