Մինչև այսօր ոչ մի բան պարզ չի, թե ինչն է եղել ռուս զինվորի արած հանցագործության դրդապատճառը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Խնդիրը այն է, որ ներկա պահին քաղաքական շահագործումներ չլինեն: Չի կարելի գյումրեցիների սուգն օգտագործել, որպես գործիք: Իհարկե, այս առիթով շահարկումներ շատ են լինում, մանավանդ սադրիչների կողմից հրահրումները: Գյումրիում ներկա պահին խաղաղ վիճակ է»:
Գյումրեցիների համար նոր հարված եղավ երեխայի մահը, հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը: «Գյումրեցիները շատ ծանր են տարել երեխայի մահը: Ճիշտ է, ամեն բան արվեց բժիշկների կողմից, որ կյանքը փրկվի, բայց հնարավոր չեղավ: Երեխայի հոգեհանգիստը կլինի այսօր՝ Գյումրիի նույն եկեղեցում, իսկ հուղարկավորությունը կլինի վաղը»:
Պետք է ամեն ինչ անել, որ իրավիճակը հանգիստ լինի, նշեց Սուքիաս Ավետիսյանը: «Ամեն մարդ պետք է իրեն զուսպ պահի, որ կարգուկանոն լինի: Ընթացքում լարվածություն կա իհարկե, բայց ամեն ինչ արվում է, որ զուսպ լինեն: Հիմա մինչև չպարզվի, թե ինչու էր այդպիսի քայլ կատարել այդ անասունը, հանգիստ չենք ունենա: Հիմա Պերմյակովին մահապատժի ենթարկելն անգամ բավական չէ: Նրան ուղղակի պետք է հենց բռնելու պահին քառատեին, կամ մասնատեին»: