Ավետիսյանների գործով դատավարության ժամանակ հարցաքննեցին նաև տանտիրուհու քրոջը՝ Ռիտա Պետրոսյանին, որը պատմեց, որ ընտանիքի սպանության օրը սովորականի պես առավոտյան գնացել է քրոջ տուն՝ սուրճ խմելու: Հարցաքննվողը պատմել է, որ երբ մոտեցել է դռանը, տեսել է՝ ապակին կոտրված է: Հետո, երբ բացել է հյուրասենյակի դուռը, քրոջ աղջկան տեսել է ու մտածել, թե գազից է խեղդվել: Մյուս սենյակ է մտել և քրոջն ու փեսային տեսել: 3-րդ սենյակ է մտել ու տեսել քրոջ տղային ու կնոջը՝ սպանված:
Ռիտա Պետրոսյանի հարցաքննության ժամանակ Ավետիսյանների հարազատները սկսեցին աղիողորմ լաց լինել: Ավետիսյանների դուստրը վատացավ, շտապօգնություն կանչեցին ու դատն ընդմիջվեց:
Ավետիսյանների դուստրը բացականչում էր՝ «տվեք դրան վառենք-պրծնենք»: Դատարանի դահլիճում Ավետիսյանների դուստրը, մյուս հարազատները նստած են Պերմյակովի դեմ-դիմաց: Հարազատները պնդում են, որ Պերմյակովին դատարանի դահլիճ են բերում թմրանյութի ազդեցության տակ, որի պատճառով վերջինս անհաղորդ է, բացարձակապես չի շրջվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ընդմիջումից հետո դատավարության հեռարձակումն ուղիղ եթերում շարունակվեց առանց ձայնի: