Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ավարտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին գործով նյութերի հրապարկման փուլը:
Հրապարկված նյութերի համաձայն, երբ ստի դետեկտորով փորձել են պարզել ցուցմունքները Վալերի Պերմյակովը ճի՞շտ է տալիս, թե՞ ոչ, պարզվել է, որ որոշ հանգամանքներ ճշմարիտ չի ներկայացրել: Ամենակարևորն այն է, որ ըստ Պերմյակովի՝ ինքը սվին դանակով է սպանել փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին:
«Հստակ երևում է, որ նա ունի շեղումներ, իր մեջ ձևավորում է որոշակի ճշմարտություններ, որոնց այնքան է հավատում, որ ստի դետեկտորին կարողացել է ներկայացնել որպես ճշմարտություն: Երբ նկարագրությամբ հասնում է երեխաների սպանություններին, այդ երկու սպանությունները միավորվում են ու նրան թվում է, թե երկուսին էլ սպանել է սվին դանակի միջոցով»,- դատական նիստի ավարտին ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
Պերմյակովի շեղումներ ունենալու մասին են վկայում նաև նրա նամակներն՝ ուղղված ընկերներին եւ մտերիմներին:
Լուսինե Սահակյանի խոսքով, Պերմյակովի մոտ առկա հոգեկան խնդիրները միանշանակ խոսում են այն մասին, որ նա չպետք է հայտնվեր ՀՀ-ում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում:
«Սա նշանակում է, որ ՀՀ-ն նրանց համար աքսորավայր է, և այստեղ ծառայում են ոչ լավագույն զինծառայողները, Պերմյակովն էլ՝ օրինակ»,- պնդեց Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ հաջորդ դատական նիստին կհետազոտվեն իրեղեն ապացույցները, կհրապարակվեն փաստաթղթեր, որոնց հրապարակումը հետաձգվել է, ապա հերթը կհասնի Պերմյակովի հարցաքննությանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին: