Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, և նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։
Araratnews.am-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ ստացված փորձաքննությունների վերաբերյալ փաստաբաններն առավել հանգամանալից կխոսեն առաջիկա ուրբաթ օրը՝ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
«Գործի վերջնական արդյունքները պարզելու առումով, ինչպես նաեւ հետազոտությունների մասում շատ կարեւոր տեղեկություններ կան, մասնավորապես Պերմյակովի հետ կապված, որոնք որ ամբողջությամբ գնահատելիս մեզ օգտակար կլինեն, եզրահանգումներ անելու համար»,- ասաց Երեմ Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ Վալերի Պեմյակովը հանցագործությունը կատարելու ժամանակ չի եղել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, ապա Երեմ Սարգսյանը բացատրեց «Դա հոգեկան խիստ հուզմունքն է: Առավել լուրջ խնդիր է մեղսունակության խնդիրը, որովհետեւ անմեղսունակության պարագայում ընդհանրապես պատասխանատվություն չի լինում, այս դեպքում ինքը մեղսունակ է: Սա էլ ենթադրում է, որ գիտակցել է իր արարքները»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի տասներկուսին Գյումրիում դաժանաբար սպանվեցին Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամները: Նրանց սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Սույն գործով նախաքննությունը շարունակվում է: