Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ամռանը կարող է այցելել Վրաստան:
Այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
«Պենտագոնի ղեկավարի Վրաստան հնարավոր այցը քննարկել են պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնական Էլիսա Սլոտկինը Մյունխենի հանդիպմանը, որը կայացել է անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ Վրաստանի ֆինանսավորումն զգալիորեն ավելացնելու խնդրանքով: Էլիսա Սլոտկինը Խիդաշելիի հետ հանդիպմանը մեկ անգամ եւս ԱՄՆ-ի անունից աջակցություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրացման ճանապարհին եւ հավելել, որ ամերիկյան կողմը էլ ավելի մեծ օգնություն կցուցաբերի Վրաստանին պաշտպանունակության ամրապնդման գործում:
«Հանդիպմանը պարզորոշ նշվել է, որ Վրաստանը կարեւոր ռազմավարական գործընկեր է, եւ վրաց-ամերիկյան սերտ հարաբերություններն ապացուցում են այս տարի պլանավորված վարժանքները»,- ասված է Վրաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: