Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի խանութներից մեկի պայթյունի հետևանքով մահացածներից մեկը եղել է խանութի սեփականատիրոջ 50-ամյա կինը: Այս մասին azatutyun.am-ի թղթակցին հայտնել է Լեռնանիստի համայնքապետ Արտյոմ Հայրապետյանը. «Երեք հոգի վիրավորներ հանեցինք, երկուսն էլ արդեն մահացել էին, մեկը խանութի սեփականատիրոջ կինն էր, մյուսն էլ մեր համագյուղացիներից մեկը, որ եկել էր խանութ գնումներ անելու, 32 տարեկան էր, երեք անչափահաս երեխաների մայր»:
Ինչպես նշեց գյուղապետը վիրավորների գիտակցությունը տեղն է եղել, նրանց անմիջապես տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն և առաջին բուժօգնություն ցուցաբերել. «Վիրավորներից երկուսին արդեն տեղափոխել են Երևան, որպեսզի վիրահատեն»:
Արտյոմ Հայրապետյանը ընդգծեց, որ այս պահին պատճառների մասին ոչինչ ասել չի կարող, նշելով, որ համապատասխան մարմինները դեռ աշխատում են դեպքի հանգամանքները պարզելու համար: