ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն, ով այսօր մասնակցում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ մենաշնորհների դեմ պայքար միանշանակ տարվելու է, և արդյունքները հասարակության համար տեսանելի կլինեն:
Անդրադրառնալով է նախարարության առաջիկա քայլերին, Արծվիկ Մինասյանը նշեց թե առաջիկայում հասարակությունը կտեսնի երկու-երեք կոնկրետ գործողություն՝ կապված շուկայում պատշաճ վերահսկողության հետ, մասնավորապես ոչ պարենային ապրանքների շուկայում այնպիսի վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, որոնք կբացառեն անորակ բենզինի, գազի, սարքավորումների, խաղալիքների մուտքը և շրջանառությունը:
«Հիմա մենք գտնվում ենք վերահսկողական տեսչության վերակազմավորման գործընթացում: Ցավոք սրտի, ութ ամիս է՝ տեսչությունը չի գործում , պայմանավորված նաև օրենսդրական մի շարք խնդիրներով : Մենք մտադիր ենք առաջիկայում ներկայացնել օրենսդրական փոփոխություն, որպեսզի տեսչությունը կարողանա կազմավորվել և գործել»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, դա շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության որոշակի տարրերի կիրառումն է: «Հիմա ես փակագծերը չեմ բացի, և երբ արդյունք կունենանք, բոլորը կկարողանան գնահատել»,- ասաց նախարարը: Ըստ Մինասյանի, երրորդ ու չորրորդ կարևոր ուղղությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտին և տուրիզմի զարգացմանը: Նախարարությունը ջանքեր է գործադրում, որ կարողանան ներգրավել օդային փոխադրումների առավել որակյալ ծառայություններ մատուցող ընկերություններին: