«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է արել «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի վիրահատության վերաբերյալ:
«Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է: Հիշում եք, Պավլիկի ոտքերին կրակել են գնդացրից, այսինքն ի սկզբանե կար միտումը: Ի դեպ, պատմողը բավականին մոտ առնչություններ ունի իշխանության շրջանակների հետ և պնդում էր իր տեղեկության հավաստիությունը: Ամեն դեպքում ինձ շատ իրական թվաց այս պատմությունը, և ես սարսափ ապրեցի մարդուն ոչնչացնելու այսպիսի ցանկությունից»,- գրել է Ալեքսանյանը:
Այս ամենի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանից:
«Ծանոթ եմ գրառմանը, սակայն այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպանը՝ զերծ մնալով որևէ մեկնաբանությունից:
Պաշտպանը, սակայն, ընդգծեց` առաջիկա օրերին կփորձի ճշտել՝ ինչ է կատարվում: