Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման եւ դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննության առավ երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր:
Բրինքը նկատեց, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը կարող է հարթակ հանդիսանալ նպատակների փոխադարձ առաջխաղացման հարցում իրական տեղաշարժեր ապահովելու համար:
Բրինքը նշեց, որ Միացյալ նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը եւ կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: