տուն Լուրեր Պատգամավոր, ՃՈ նախկին աշխատակիցը՝ Մարությանի՝ արագության նվազեցման առաջարկի մասին

Պատգամավոր, ՃՈ նախկին աշխատակիցը՝ Մարությանի՝ արագության նվազեցման առաջարկի մասին

174
0

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստում առաջարկել էր քննարկել մեքենաների արագությունը 60կմ/ժ-ից 50 կմ/ժ դարձնելը: Մարությանի խոսքով՝ քաղաքն այսօր վտանգավոր է վարորդի եւ հետիոտնի համար:

Մարությանի առաջարկը ոգեւորությամբ չընդունեցին, ավելին՝ քննադատեցին ու այն համարեցին պոպուլիստական:

Փորձեցինք լսել ճանապարհային ոստիկանության պարզաբանումը, սակայն ոստիկանության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ դա դեռ առաջարկ է, քննարկում չի եղել ՃՈ-ի հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի ղեկավարի նախկին տեղակալ  Արմեն Խաչատրյանը Մարությանի առաջարկին համամիտ է, սակայն խնդիրը պետք է  ամբողջական լուծվի, սահմանափակումն էլ մի քանի վայրի համար լինի ու պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա: «Ճանապարհատրանսպորտային պատահարների վերացման, ինչպես նաև մահերի, զոհերի վերացման համար միայն արագության նվազեցումը բավարար չէ: Բայց մահվան  ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների 30 տոկոսից ավելին տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման հետեւանքով»,- մանրամասնեց  օրենսդիր մարմնի անդամը:

Պատգամավորն առաջարկում է  մի քանի վայրերում վերանայել արագությունը: «Կան ճանապարհներ, որտեղ թույլատրված են մինչեւ 80 կմ/ժ արագություն»,- հիշեցրեց Արմեն Խաչատրյանը:

ՃՈ-ի նախկին պաշտոնյան հիշեցրեց՝ եվրոպական մի քանի երկրում արագությունը սահմանափակել են 50 կմ/ժ:  «Այնպես որ, Հայաստանի այն վայրերում, որտեղ 70-80 կմ/ժ  է արագությունը, այն պետք է լինի 50 կմ/ժ»,- պնդում է Խաչատրյանը:

Օրենսդիր մարմնի անդամը համաձայն չէ այն տեսակետին, որ Մարությանի առաջարկն  փող աշխատելու միջոց է: «Պետք է կառուցվեն վերգետնյա ու ստորգետնյա անցումներ, երթեւեկությունը պետք է ճիշտ կազմակերպվի, հասարակական տրանսպորտն էլ  պատշաճ աշխատի, որ տրանսպորտային միջոցների ներկրում չունենանք»,- ավարտեց իր խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արմեն Խաչատրյանը:

Սոնա Դավթյան