տուն Լուրեր Ինչու եմ բացառում, որ պատերազմ կսկսվի. քաղաքագետ

Ինչու եմ բացառում, որ պատերազմ կսկսվի. քաղաքագետ

97
0

Ես համարում եմ, որ պատերազմի հավանականությունը շատ փոքր է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին և հակառակորդի կողմից սահմանին զինտեխնիկայի տեղաշարժերին, ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա նշեց, որ որքան էլ մենք գործ ունենք Ալիևի իշխանության հետ, որը պարզ է՝ կարող է ամեն ինչի գնալ, սխալներ անել, բայց հիմա ադրբեջանական կողմը դա չի անի. «Տրամաբանություն կա, մի քանի գործոններ, թե ինչու եմ ես բացառում, որ Ադրբեջանը հիմա կանցնի ինչ-որ գործողությունների»:

Առաջին գործոնը, քաղաքագետի խոսքով, հետևյալն է. «Հիմա Հայաստանում իշխանության գլխին Նիկոլ Փաշինյանն է, իսկ դա նշանակում է, որ եթե վաղն Ադրբեջանը սադրանքի գնա, փորձի կրկնել 2016-ի ապրիլը, ակնհայտ է, որ հակահարված կստանա, բայց տարբերությունը մեծ կլինի: Պարզ է, որ նախկինում մեր այսպես կոչված ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, ում վրա ունեին լծակներ Ռուսաստանում և այլ տեղերում, իսկ հակահարված ինքը չտվեց, և պարզ է, որ իրեն ասացին՝ առաջ չգնաս: Իսկ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ մարդ է, ինքը ժողովրդի, պետության շահերից քայլեր կանի, ու եթե Ադրբեջանը գործողություններ անի, ինքը հակահարված կտա, Հայաստանը գործողություններ կանի առանց կաշկանդվելու»:

Իսկ երկրորդ՝ կարևոր գործոնը, ըստ մեր զրուցակցի, Հայաստանի հանդեպ ստեղծված միջազգային վերաբերմունքն է. «Այսօր Հայաստանի ռեյտինգը բարձր է, հետաքրքրությունը բարձր է, քանի որ Հայաստանում լուրջ փոփոխություններ են գնում, աշխարհը մեծ սպասելիքներ ունի Հայաստանի հետ կապված՝ ոչ միայն Միացյալ Նահանգները, Եվրոպան, նաև մեծ սպասելիքներ ունեն Ռուսաստանը, Չինաստանը: Հետաքրքիր պետություն ենք դարձել հեղափոխությունից հետո ու այսպիսի պետության դեմ դուրս գալն այս պահին անխոհեմ բան է»:

Երրորդն էլ, քաղաքագետի խոսքով, Ռուսաստանի այսօրվա վերաբերմունքն է Ղարաբաղի հարցում. «Ինձ զարմացրեց, բայց նաև ուրախացրեց Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Այս երկուսուկես ամիսների ընթացքում Ռուսաստանի բոլոր հայտարարությունները, որոնք կապված են Ղարաբաղի հետ, շատ հստակ են ու դրական: Իրենք ճիշտ չեն համարում այս փուլում արագացնել խնդիրները՝ կապված Ղարաբաղի հետ: Օրինակ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունը, Լավրովի վերջին հայտարարությունը, որի ժամանակ կրկնեց Զախարովայի ասածը, որ իշխանափոխություն է գնում, պետք է սպասենք, ավարտվի, հետո բանակցային գործընթացն ակտիվ կվերսկսվի»:

Էմմա Հովսեփյան