տուն Արցախ Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Սերժ Սարգսյան

Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Սերժ Սարգսյան

153
0

Serj-Sargsyan0235

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցազրույց է տվել ամերիկյան Bloomberg պարբերականին: Երկրի ղեկավարը նշել է, որ  Արցախում պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, իսկ հակամարտությունը բանակցություններով կարգավորելու հեռանկարը փոքր է:

«Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կարող է բավարար չլինել կանխելու  ավելի լայնածավալ բախումները ադրբեջանցիների ու հայերի միջև այս ամսվա «քառօրյա պատերազմից» հետո՝ «հարյուրավոր տանկերի» և 30 հազար հրետանային արկերի գործադրմամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար անխոհեմ կլինի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններ վերսկսել՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ իրավիճակն այսօր միանգամայն այլ է:

«Մինչ մենք մի կողմից բանակցություններ կվարենք, մյուս կողմից զինվորականները մարտական գործողություններ կծավալեն՝ փորձելով լուծել հակամարտությունը»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը խոսել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի մասին և փարատել այն կասկածները, թե Լավրովն իր հետ կարգավորման նոր առաջարկներ է բերել:

«Լավրովը իր հետ չի բերել որևէ նոր առաջարկ, քանի որ նա շատ լավ է գիտակցում, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո անիմաստ է բանակցությունների մասին խոսելը»,- ասել է նախագահը:

Ըստ Bloomberg պարբերականի՝ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ հայկական կողմը որոշ տարածքներ է կորցրել ռազմական գործողությունների ժամանակ: Սարգսյանն ասել է, որ ադրբեջանական զորքերը վերցրել են շատ փոքր հատվածներ շփման գծի հյուսիսային և հարավային մասերում, որոնք ոչ մի ռազմավարական նշանակություն չունեն հայկական զինված ուժերի համար:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցություններին՝ շեշտելով, որ ռուս խաղաղապահներն անելիք չունեն հակամարտության գոտում: Նշելով, որ նախկինում բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ խոսակցությունները «անհիմն չէին»՝ Սարգսյանն ասել է, որ այսօր ինքը նման հնարավորություն չի տեսնում:

«Եթե բանակցություններ չեն վարվում, ինչպե՞ս կարող են ռուսական զինված ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական և ղարաբաղյան ուժերի միջև», — ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը «հավասարակշռված քաղաքականություն» է վարում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ փորձելով կանխել լայնածավալ ռազմական հակամարտությունը:

Հայաստանի նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների վերաբերյալ, երբ ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական զինված ուժերը հինգ շրջաններից և համաձայնել է խաղաղապահների տեղակայմանը:

«Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները երկու երկրների առաջնորդներին հորդորում էին լուծել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիրը, որով նաև հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը, բայց Ալիևը հրաժարվեց: Դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթի հաշվին ու խոսում ռազմական բյուջեի չափերի մասին»- նշել է Սերժ Սարգսյանը՝ եզրափակելով, որ այն, ինչ տեղի ունեցավ հիմա, սպասելի էր: