տուն Լուրեր ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ-ի պատասխանը Էլմար Մամեդյարովի հայտարարությանը

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ-ի պատասխանը Էլմար Մամեդյարովի հայտարարությանը

136
0

agn

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի համաձայնության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամաատության կարգավորման համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքները սկսել: Մինչդեռ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասում է՝ Ադրբեջանն անհեթեթ հայտարարություններ է անում:

«Մինչև սկզբունքները չհամաձայնեցվեն՝ հնարավոր չի լինի որևէ փաստաթուղթ մշակել, դա անտրամաբանական է»:

«Չի կարող որևէ պայմանագիր ստորագրվել առանց Արցախի մասնակցության, իսկ ԼՂՀ-ն ոչ մի  պայմանագրի մշակման չի մասնակցել, ուստի ինձ համար անհասկանալի է՝ ինչ ձևով պետք է կարգավորվի հակամարտությունը»,- ասում է  Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ու ավելացնում՝ այս ամենը հաշվի առնելով կարելի է հստակ ասել՝ Ադրբեջանը շարունակում է զբաղվել PR-ով, և որևէ լուրջ հիմք չկա կարծելու, որ այդ պետությունը շահագրգռված է համապարփակ և խաղաղ կարգավորման հարցում քայլեր անել:

Ընդդեմ իրավական կամայականության  կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը ևս, վերը նշված հայտարարության հետ կապված, վստահաբար նշում է՝ դա ծուղակ է. «Առանց ԼՂՀ մասնակցության ցանկացած հայտարարություն ծուղակ է. եթե խոսքը գնում է Արցախ-Ադրբեջան սահմանի մասին, ապա առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության դա չպետք  է լինի. ծուղակ է, որի նպատակն է ապացուցել՝ Հայաստանն է ագրեսորը»: