տուն Լուրեր Պատասխանատվության հարցը Հայաստանում քաղաքական առողջ միջավայրի հիմնական խոչընդոտներից մեկն է. Արայիկ Հարությունյան

Պատասխանատվության հարցը Հայաստանում քաղաքական առողջ միջավայրի հիմնական խոչընդոտներից մեկն է. Արայիկ Հարությունյան

112
0

Aro1

Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համաժողովը կայացավ այսօր: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության կառավարման խորհրդի անդամները: Նրանցից Արայիկ Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ նորաստեղծ կուսակցության ստանձնած պատասխանատվությանը:

« Հայաստանում քաղաքական ուժերի ղեկավար մարմիններում պատասխանատվության հարցը քաղաքական առողջ, մրցակցային միջավայրի հիմնական խոչընդոտներից մեկն է: Տասնամյակներ շարունակ իշխանությունը հայտարարել է, որ ստանձնում է երկրի կառավարման պատասխանատվությունը, բայց ամեն անգամ խափանել է ակնհայտ ձախողումների համար իրեն պատասխանատվության ենթարկելու գլխավոր մեխանիզմը` համապետական ընտրությունները: Նման իրավիճակ է ստեղծվել նաև ընդդիմադիր դաշտում: Մենք հաճախ ենք ականատեսը դառնում մի իրողության, երբ քաղաքական ուժերի ղեկավարումը ստանձնած գործիչը կամ գործիչների խումբը որևէ պատասխանատվության չի կրում կուսակցության ծրագրերի տապալման դեպքում»,- ասաց Արայիկ Հարությունյանն ու մատնանշեց քայլերը, որոնք պետք է կատարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում:

«Յուրաքանչյուր քաղաքական կարևոր իրադարձության համար այս կառույցի ղեկավարությունը պետք է կրի պատասխանատվություն: Ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագա Հայաստանի նախագծի դեպքում քաղաքացին պետք է ունենա հաշվելի և չափելի առաջարկներ, նույնքան հաշվելի և չափելի պետք է լինի կուսակցության պատասխանատվությունը տվյալ ժամանակահատվածի համար ստանձնած պարտավորությունների համար: Նոր բան հնարելու կարիք չկա, շատ երկրներում կուսակցությունների ղեկավարությունը համապետական ընտրություններից կամ համապետական իրադարձություններից հետո հաշվետվություն է ներկայացնում իր կատարած աշխատանքի համար: Հաջողության դեպքում` այդ ղեկավարությունը շարունակում է աշխատանքը, իսկ ձախողումների դեպքում դա ավարտվում է քաղաքական ուժի ղեկավարի հրաժարականով»,- եզրափակեց նա: